Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է Օբաման Ռուսաստանի «գլխավոր թշնամի»


Ռուսաստան - «Ծխելը սպանում է ավելի շատ մարդկանց, քան Օբաման, թեև նա շատ շատ մարդկանց է սպանում»՝ գրված է տրանսպորտի կանգառում տեղադրված այս վահանակի վրա, Մոսկվա, փետրվար, 2016թ.
Ռուսաստան - «Ծխելը սպանում է ավելի շատ մարդկանց, քան Օբաման, թեև նա շատ շատ մարդկանց է սպանում»՝ գրված է տրանսպորտի կանգառում տեղադրված այս վահանակի վրա, Մոսկվա, փետրվար, 2016թ.

Ռուսական սոցցանցերում և մամուլում ծավալվել է աննախադեպ հակաամերիկյան արշավ։

Ինչ-որ խմբավորումներ Ռուսաստանի սոցիալական ցանցերը ողողում են արհեստավարժ ձևով կազմված գրություններով, որոնց համաձայն՝ «Ռուսաստանի թիվ մեկ թշնամին Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման է»։ Այդ գրությունները ուղարկվում են նաև Ռուսաստանի պետական հիմնարկներ, հասարակական կազմակերպություններ։

«Օբաման մարդասպան է», «Օբաման սպառնում է աշխարհի խաղաղությանը»։ Այս տգեղ արշավն այնքան կազմակերպված է և համակարգված, որ կասկածի տեղ չի թողնում` «սև PR»-ը իրականացվում է եթե ոչ Ռուսաստանի պետության աջակցությամբ, ապա առնվազն լռելյայն համաձայնությամբ։

Christian Science Monitor պարբերականի թղթակից Ֆրեդ Ուեյրի փոխանցմամբ, փորձագետներն ասում են, որ սա իսկապես լավ կազմակերպված և ֆինանսավորվող արշավ է։

Դրա օրինակներից մեկը վերջերս սոցիալական ցանցերում տեղադրված տեսահոլովակն է, որում նկարահանված մի խումբ ռուսաստանցի ուսանողներ պահանջում են Օբամային դատել Հաագայի դատարանում, պնդում են, որ Սպիտակ տան ղեկավարը «թիվ մեկ մարդասպանն է»։ Նրանք հոլովակում օգտագործել են ծխող Օբամայի լուսանկարը, որն ուղեկցվում է այսպիսի գրությամբ` «Ծխախոտը ավելի շատ մարդ է սպանել, քան Օբաման, բայց Օբաման էլ շատ մարդկանց է սպանում»։

Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 37 տոկոսը համոզված է, որ Օբաման «Ռուսաստանի մշակույթի և արժեքների թիվ մեկ թշնամին է»։

«Լևադա» կենտրոնի տվյալներով, ռուսաստանցիների միայն 2 տոկոսն է դրական գնահատում Օբամայի աշխատանքը, մինչդեռ 2009 թվականին դրական վերաբերմունք է հայտնել հարցվածների 21 տոկոսը։

«Լևադա» կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Գրաժդանկինի փոխանցմամբ, այսօրվա բացասական վերաբերմունքը ներկայիս աշխարհքաղաքական վիճակի արդյունքն է։ Բայց այստեղ կա նաև անձնական հակակրանքի գործոն, ռուսների կողմից Օբամային տրվող որակումներում տեղ են գտնում նույնիսկ ռասիստական բնույթի վիրավորանքներ, ինչը շատ հազվադեպ երևույթ է քաղաքական պարկեշտության նորմերը որպես կանոն պահպանող արևմտյան հասարակարգում։

Վերլուծաբանները նշում են, որ Օբաման, իր հերթին, տարբեր ելույթներում երբեմն հեգնանքով է խոսել Ռուսաստանի մասին՝ ասելով, որ «Ռուսաստանն ընդամենը տարածաշրջանային տերություն է», «Ռուսաստանը ոչինչ չի արտադրում», «Ռուսաստանի տնտեսությունն ավերված է»։ Դա, անշուշտ, վիրավորական է միջին վիճակագրական ռուսի համար։

«Եթե հեռուստացույցով անվերջ պնդում են, որ Ամերիկան վատն է, որ այդ երկրի ղեկավարը վատն է, պետք չէ զարմանալ, որ ռուսներն Օբամային թիվ մեկ թշնամի են համարում»,- Ուեյրին ասել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի սոցիոլոգ Յուլի Նիսնևիչը։

Ուեյրը նշում է, որ Միացյալ Նահանգներում էլ Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական վարկանիշը պատմական ցածր մակարդակի է իջել։

Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանում հակաամերիկյան տրամադրության աստիճանը չես համեմատի Ամերիկայում հակառուսական վերաբերմունքի հետ, Ռուսաստանում Ամերիկայի հանդեպ վերաբերմունքը պարզապես բացահայտ ատելության աստիճանի է հասնում, երբեմն իսկական հիստերիայի բնույթ է ստանում։

Ուշագրավ է ևս մեկ հանգամանք` այդ ատելության համար ոչ ոք չի ուզում պատասխանատվություն ստանձնել։ Երբ լրագրողները փորձել են պարզել, թե ովքեր են պատրաստել Օբամային Հաագայում դատելու կոչով տեսահոլովակը, Ֆինանսական ինստիտուտի պրոռեկտոր Ալեքսանդր Կոժարինովն անմիջապես արձագանքել է, թե «նման ազգանուններով ուսանողներ ինստիտուտում չեն սովորում»։

«Այստեղ հայտնի մեխանիզմներ են գործում, չեմ զարմանում, որ դա անանուն է արվում, չեմ կարծում, որ դա հենց Կրեմլն է պատվիրել, Պուտինը պարբերաբար հեռախոսով զրուցում է Օբամայի հետ, արդյո՞ք այդ արշավը Պուտինի ցանկությամբ է իրագործվում։ Գուցե դա Կրեմլին մոտ կանգնած մարդկանց անձնական նախաձեռնությունն է»,- Ուեյրին ասել է ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի փոխտնօրեն Վիկտոր Կրեմենյուկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG