Մատչելիության հղումներ

Դի Կապրիոն նվաճեց «Օսկար» մրցանակը


ԱՄՆ - Ձախից՝ աջ․ «Օսկար»-ի արժանացած դերասաններ Մարկ Ռայլանսը, Բրի Լարսոնը, Լեոնարդո Դի Կապրիոն և Ալիսիա Վիքանդերը, Հոլիվուդ, Լոս Անջելես, 28-ը փետրվարի, 2016թ.

ԱՄՆ - Ձախից՝ աջ․ «Օսկար»-ի արժանացած դերասաններ Մարկ Ռայլանսը, Բրի Լարսոնը, Լեոնարդո Դի Կապրիոն և Ալիսիա Վիքանդերը, Հոլիվուդ, Լոս Անջելես, 28-ը փետրվարի, 2016թ.

Սա աշխարհառչակ դերասանի առաջին «Օսկարն»-ն է:

Լոս Անջելեսում տեղի ունեցած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասան անվանակարգում հաղթանակի արժանացած Լեոնարդո դի Կապրիոյին ծափահարել են դերասանները, ռեժիսորները, սցենարիստները՝ բուռն ու երկար, հոտնկայս:

Դի Կապրիոն տարիներ շարունակ ակնկալվող մրցանակին արժանացավ «Վերապրածը» ֆիլմում գլխավոր դերի շնորհիվ, որի համար արդեն շահել էր «Ոսկե գլոբուս» մրցանակը:

Դի Կապրիոյի առաջին արձագանքը մրցանակի կապակցությամբ շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում: Նա նախ մի քանի վայրկյան ևս սպասեցրել է՝ հարցնելով, թե ինչի՞ մասին պիտի խոսի, ապա հայտարարել է, որ վայելում է հիացմունքը: «Այո, սա առաջինն է, ես աներևակայելիորեն երախտապարտ եմ»,- ժպիտով իր գոհունակությունն է արտահայտել դերասանը:

«Աշխատելով «Վերապրածը» ֆիլմի վրա՝ մենք զգացինք մարդու և բնության փոխհարաբերությունները: Մենք համոզվեցինք, որ 2015 թվականն ամենատաք տարին է եղանակի տեսության պատմության մեջ», - ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ միջավայրի փնտրտուքը՝ բոլոր դժվարություններով հանդերձ, այս խոսքերով է ամփոփել Լեոնարդո Դի Կապրիոն:

«Վերապրածը» ֆիլմի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն «Օսկար»-ի է արժանացել լավագույն ռեժիսոր անվանակարգում:

«Ես չէի կարող լինել ավելի երջանիկ», - ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ «Վերապրածը» ֆիլմը սիրում է այնպես, ինչպես իր մյուս բոլոր ֆիլմերը․ - «Գիտեք, ամեն ֆիլմ նման է որդուդ, դու չես կարող մի որդուդ ավելի սիրել, քան մյուսին»:

«Օսկար» մրցանակաբաշխությունում տարվա ֆիլմ ճանաչվեց Թոմաս ՄըքՔարթիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը:

Կնոջ լավագույն դերակատարման անվանակարգում օսկարակիրը Բրի Լարսոնն է՝ «Սենյակը» ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ փակ սենյակում որդուն մեծացնող կամային կնոջ դերի համար: Լարսոնը ևս արժանացել էր «Ոսկե գլոբուսի», նաև՝ Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին:

Մարկ Ռայլանսը «Օսկար» նվաճեց երկրորդ պլանի լավագույն դերասանի անվանակարգում՝ Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» ֆիլմում խաղացած դերի համար։ Երկրորդ պլանի՝ կնոջ լավագույն դերակատարման համար պարգևատրվել է Ալիսիա Վիքանդերը՝ «Աղջիկը Դանիայից» ֆիլմում դերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG