Մատչելիության հղումներ

Գասպարին դատարանում նկարագրեց քրեակատարողական հիմնարկում անցկացրած յոթ օրերը


Վարդգես Գասպարին պառկել է դատարանի դահլիճում, Երևան, 29-ը փետրվարի, 2016թ․

Վարդգես Գասպարին պառկել է դատարանի դահլիճում, Երևան, 29-ը փետրվարի, 2016թ․

Դատարան չներկայանալու համար մեկ շաբաթով կալանավորված Վարդգես Գասպարին այսօր վեց ժամով հեռացվեց նիստերից, երբ ի նշան բողոքի դահլիճում կրկին պառկեց գետնին։

«Դատարանը գտնում է, որ Դուք դրսևորում եք անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ»,- հայտարարեց դատավոր Նելլի Բաղդասարյանը։

«Դատարանը թույլ չի տալիս, ինձ խոսքի իրավունքից զրկում է։ Տարրական մի խնդիր է։ Ես կտտանքի եմ ենթարկվել, սա, այսպես ասած, ավելի խոշորացույցի տակ գտնվող իրավիճակ է։ Կտտանքի ենթարկված մարդուն զրկում են խոսքի իրավունքից, որ նա չկարողանա բացահայտել, որ ինքը կտտանքների է ենթարկվել։ Էդտեղ ուրեմն այլ բան չի մնում, քան ուղղակի պառկել»,- ասաց Գասպարին։

Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրվող ակտիվիստը նախքան դահլիճից հորիզոնական դիրքով հեռացվելը հասցրեց նկարագրել քրեակատարողական հիմնարկում անցկացրած յոթ օրերը։

«Բազմակի անգամ ինձ հարվածում էին՝ հիմնականում ոտքերիս, երբեմն նաև գլխիս, վերջին հայհոյանքներով, սառը ջուրը իմ վրա թափելով... այդ բռնություններից ես բարձրաձայն գոռում էի՝ ի ուրախություն Ձեզ, Դուք կարող եք դրանով բավարարել Ձեր գերմարդկային բնազդները»,- ասաց նա։

Այս հայտարարությունից բացի Գասպարին նաև միջնորդություն էր պատրաստել. դատավորը չառարկեց, բայց 3 էջը ընթերցելու համար նրան ընդամենը 30 վայրկյան տրամադրեց։

«Ձեր գործողություններն անօրինական են, իմ պաշտպանյալին 30 վայրկյան տալը դա ծաղր է արդարադատության նկատմամբ»,- հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը։

Եգորյանը Գասպարիին դատարանից հեռացնելը անօրինական որակեց՝ դատավորին հիշեցնելով՝ դահլիճում նրա ներկայությունն ապահովելու համար ակտիվիստին անգամ ազատությունից էին զրկել.- «Այս հարցն է մնում օրակարգային և այս հարցն է ընկած Ձեր անաչառության, կողմնակալության, միգուցե, մեր գնահատմամբ, ոչ ինքնուրույն, այլ որևէ անձի, սուբյեկտի կողմից թելադրվող գործողությունների գնահատման հիմքում»։

Փաստաբանի առարկությունները քննելու փոխարեն դատավորը երեք անգամ սանկցիա կիրառեց Տիգրան Եգորյանի նկատմամբ։ Փաստաբանները որոշեցին լքել նիստերի դահլիճը։

«Ինձ թվում է, որ մենք ամեն նիստից հետո սանկցիաների զամբյուղով ենք հեռանալու։ Ստիպված ենք հեռանալ, հարգելի՛ դատարան, կամ ապահովեք մեր պաշտպանյալի վերադարձը այս դատական պրոցես»,- ասաց Եգորյանը։

Դատախազի և քարտուղարի հետ դահլիճում միայնակ մնացած դատավորը հետաձգեց նիստը մինչ առաջիկա հինգշաբթի։ Ակտիվիստի փաստաբանները դեռ քննարկում են այդ նիստին իրենց մասնակցության հարցը։

XS
SM
MD
LG