Մատչելիության հղումներ

Լոռու Վահագնի գյուղում հրկիզել են սպանության մեղադրանքով հետախուզվողի տունը


Հրդեհ, արխիվ
Հրդեհ, արխիվ

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա. Կախյանի տունը հրկիզելու դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 27-ին ժամը 7:25 Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակչից ահազանգել է ստացվել, որ այրվում է նույն գյուղում գտնվող, Ա. Կախյանին պատկանող տունը։ Վերջինս Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փետրվարի 22-ից գտնվում է հետախուզման մեջ՝ սպանության մեղադրանքով։

«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տունը երկհարկանի է, այրվել է 2-րդ հարկի մի հատվածն իր գույքով: Նույն հարկի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել են 0,5 լ տարողությամբ ապակյա շշով, բենզինի հոտով հեղուկ, քարի կտորներ, որոնցով ջարդվել են ննջարանի պատուհանները, իսկ առաջին հարկի պատի տակ` կտորե լաթերով փաթաթված փայտի կտորներ: 2-րդ հարկի միջանցքում հայտնաբերվել են նաև այրված «РПК» տեսակի զենքի նմանվող մետաղյա իրան, 3 դատարկ պահունակ, 1 զսպանակ և ինքնաձիգի կրակված փամփուշտների 58 պարկուճ», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է նույն օրը, Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «հրկիզման եղանակով գույքի դիտավորյալ ոչնչացում»:

Նշանակվել են համալիր դատահրդեհատեխնիկական, դատաապրանքագիտական, ինչպես նաև՝ դատաձգաբանական փորձաքննություններ, կազմվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին, հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG