Մատչելիության հղումներ

Սիրիայի հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ


Սիրիա - Հալեպի նահանգի Դարաթ Իզա ավանի բնակիչները վերանորոգում են մարտական գործողությունների հետևանքով վնասված խանութը, 28-ը փետրվարի, 2016թ․

Սիրիա - Հալեպի նահանգի Դարաթ Իզա ավանի բնակիչները վերանորոգում են մարտական գործողությունների հետևանքով վնասված խանութը, 28-ը փետրվարի, 2016թ․

Սիրիայում փետրվարի 27-ից գործում է հրադադարի ռեժիմը, սակայն հակամարտությունում ներգրավված կողմերը միմյանց մեղադրում են այն խախտելու մեջ:

Այսպես, սիրիական ընդդիմության Բարձրագույն խորհուրդը երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է ուղարկել, որում Սիրիայի գործող իշխանություններին, Ռուսաստանին և Իրանին մեղադրում է զինադադարը խախտելու մեջ:

«Ափսոսանքով հայտնում ենք Ձեզ, որ չնայած հրադադարին, որ սկսել է գործել փետրվարի 27-ից, ռուսական կողմը, Իրանը, Սիրիայի գործող ռեժիմը, արտասահմանյան զինված խմբավորումները չեն դադարեցրել իրենց թշնամական գործողությունները», - ասված է նամակում, որը ստորագրել է ընդդիմության առաջնորդ, Սիրիայի նախկին փոխվարչապետ Ռիադ Հիջաբը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրը նույնպես Ռուսաստանին և Սիրիայի գործող իշխանություններին մեղադրել է զինադադարը խախտելու մեջ՝ չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական օդուժը դադարեցրել է ռմբակոծությունները այն շրջաններում, որտեղից հրադադարի մասին հաղորդագրություն են ստացել:

Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ կատարում է հրադադարի մասին համաձայնագիրը, և, իր հերթին, զինադադարը խախտելու մեջ մեղադրում է Թուրքիային:

Սիրիայում հակամարտության կարգավորման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուրալենկոն երեկ հայտարարել է, որ զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո Թուրքիայի տարածքից Սիրիա է մտել գրոհայինների մի խումբ՝ մոտ 100 հոգի:

XS
SM
MD
LG