Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո էլ «Բարգավաճ Հայաստան»-ը «ֆինանսի խնդիր չունի»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում «նորմալ պրոցես» որակեց այն, որ «ինչ-որ մարդիկ կարող են դուրս գալ» իր գլխավորած կուսակցությունից:

«Դա նորմալ պրոցես է՝ ինքնազտման, ինքնամաքրման պրոցես», - հայտարարեց Զոհրաբյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ՝ շարունակելով․ - «Ի վերջո, ցանկացած կուսակցություն եթե գնում է ընտրության, իսկ ընտրությունը դա, էսպես, մինի-ճակատամարտ է, եթե կարելի է էդպես ձևակերպել, ընտրական ճակատամարտ է, դու պիտի իմանաս, թե քո թիկունքում դու որքան նվիրյալ զինվոր ունես: Եվ ես նաև ինչ-որ տեղ դրական եմ վերաբերում, եթե մարդիկ, ովքեր կատեգորիկ չեն կիսում կուսակցության դիրքորոշումը, այն է՝ մնալ ընդդիմադիր դաշտում և գնալ 2017-ի խորհրդարանական ընտրություններին, այլ գտնում են, որ մեր տեղը կոալիցիայում էր, եթե իրենք կորոշեն, որ իրենք «Բարգավաճ Հայաստան»-ում անելիք չունեն, դա կլինի բացառապես իրենց որոշելիքը»:

«Բազմաթիվ քննարկումներից հետո նույնիսկ իմ այն գործընկերները, ովքեր կոալիցիոն համագործակցության կողմնակից էին, իրենք ևս այսօր, եթե դուք հետևում եք իրենց հարցազրույցներին, ընդունում են, որ կայացված որոշումը՝ մնալ ընդդիմադիր դաշտում և չգնալ կոալիցիայի Հանրապետական կուսակցության հետ, դա ճիշտ կայացված որոշում էր», - ասաց ԲՀԿ-ի առաջնորդը:

«Պետք է պատրաստվեք խորհրդարանական ընտրություններին՝ ուզեք թե չուզեք, և, բնականաբար, կուսակցության ռեսուրսները չեք կարող համեմատել այն ռեսուրսների հետ, որ կային նախկինում, և Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո հիմա այն չէ այլևս»․ - այս դիտարկմանը Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց․ - «Այո, բնականաբար, անհամեմատելի են ռեսուրսները, երբ որ կուսակցությունը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը, բայց այսօր էլ մենք խմբակցությունում և կուսակցությունում ունենք, գաղտնիք չէ, բավականին լուրջ ֆինանսների տիրապետող պատգամավորներ․․․ Նրանք խմբակցությունում են և նրանք շարունակում են ֆինանսավորել կուսակցությունը, մեր տարածքային կառույցները ֆինանսավորվում են, ինչպես ֆինանսավորվել են: Իհարկե, մենք այն լայն ծրագրերը, որ իրականացնում էինք նախկինում նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից, հիմա, բնականաբար, այդ ծրագրերը չեն արվում, բայց մեկ բան կարող եմ ասել՝ կուսակցությունը ֆինանսի խնդիր չունի»:

«Թույլ տվեք շատ փակագծերը չբացել, ես ասեցի՝ մենք ունենք բավականին լուրջ ռեսուրսների տիրապետող կուսակցականներ, ովքեր ֆինանսավորում են կուսակցության մեր տարածքային կառույցները և մեր այլ գործունեությունը կուսակցական», - հավելեց ԲՀԿ-ի առաջնորդը:

Հարցին էլ՝ բացառո՞ւմ է արդյոք Գագիկ Ծառուկյանի վերադարձը, Նաիրա Զահրաբյանը պատասխանեց․ - «Գիտեք, ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց մենք այս պահին գործ ունենք պարոն Ծառուկյանի արած մեկ հայտարարության հետ՝ որ ինքը հեռանում է քաղաքականությունից: Երբ որ կլինի այլ հայտարարություն, մենք կմեկնաբանենք տվյալ հայտարարությունը»:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 28-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG