Մատչելիության հղումներ

Դավութօղլուն համեմատում է քրդերին և հայերին


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

«Քուրդ զինյալներն այսօր նման են հայ ավազակներին, ովքեր համագործակցում էին ռուսների հետ», - հայտարարում է Թուրքիայի վարչապետը:

Թուրքիայի վարչապետը հավասարության նշան է դնում այսօր երկրի քրդական շրջաններում ծավալվող իրադարձությունների և Առաջին համաշխարհայինի ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության հայաբնակ գավառներում տեղի ունեցած դեպքերի միջև: Այս մասին Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց շաբաթ երեկոյան՝ Բինգյոլ քաղաքում կազմակերպված ընդունելության ժամանակ:

«Քուրդ զինյալներն այսօր նման են հայ ավազակներին, ովքեր համագործակցում էին ռուսների հետ: Նրանք [քրդերը] նույնիսկ դիվանագիտական ներկայացուցչություն են բացել Մոսկվայում», - վրդովված հայտարարում էր Դավութօղլուն:

Քրդական աղբյուրները, սակայն, նկատում են, որ Թուրքիայի վարչապետն իր ելույթում միտումնավոր կերպով միանգամից մի քանի թեմաներ իրար է խառնել` թերևս նպատակ ունենալով մոլորության մեջ գցել իր ունկնդիրներին:

Բանն այն է, որ քրդական միակ կազմակերպությունը, որ վերջին շրջանում ներկայացուցչություն է բացել Մոսկվայում, Սիրիայի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդավարական միություն» կուսակցությունն է: Իսկ Թուրքիայի դեմ մարտական գործողությունների մեջ ներգրավված է Աբդուլա Օջալանի ստեղծած Քրդական բանվորական կուսակցությունը` PKK-ն: Չի բացառվում, սակայն, որ քրդերի և ռուսական իշխանությունների միջև համագործակցության մասին խոսելով` Դավութօղլուն նաև ակնարկում էր Թուրքիայի քրդերի շահերը ներկայացնող խոշորագույն կուսակցության՝ խորհրդարանում ներկայացված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի տարեվերջյան այցը Մոսկվա:

«Համեմատելով հայերին և քրդերին` Դավութօղլուն վերջապես բացահայտեց իր իրական զգացմունքները: Ռուսների հետ համագործակցությունը թուրքերը հաճախ են մատնանշում որպես արդարացում 1914-18 թվականներին ցեղասպանության ենթարկված հայերի կոտորածների համար», - գրել է քրդական խնդիրները լուսաբանող Kurdishquestion.com կայքը:

Բինգյոլում հնչեցրած իր ճառում, սակայն, Դավութօղլուն շարունակ վստահեցնում էր, որ 2002-ին իշխանության եկած իսլամիստները անում են ամեն ինչ ազգային փոքրամասնությունների իրավունքները երկրում պաշտպանելու համար: Որպես ապացույց՝ նա հարկ համարեց հավաքվածներին ողջունել քրդերին մոտ կանգնած և Բինգյոլում բնակչության զգալի մասը կազմող զազա ժողովրդի լեզվով:

«Այսօր ես ձեզ զազա և քրդերեն լեզուներով եմ ողջունում: Արդյոք հնարավո՞ր էր նման բան պատկերացնել տարիներ առաջ: Այսօր Թուրքիայի պետական հեռուստատեսությունը քրդերեն հաղորդումներ է հեռարձակում: Արդյոք հնարավո՞ր էր տարիներ առաջ նման բան պատկերացնել», - հայտարարում էր Թուրքիայի վարչապետը:

XS
SM
MD
LG