Մատչելիության հղումներ

Թամանյանի ու Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտները հնարավոր է միավորվեն


Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը Երևանում
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը Երևանում

Քաղաքաշինության նախարարության այս մտահղացումը շատերին տարակուսանքի մեջ է գցել:

Հայաստանի անկախացումից հետո մայրաքաղաքում բացված թանգարանների թիվը մեծ չէ, բայց հենց այս տարիներին Երևանում ստեղծվեց Հայոց ցեղասպանության թանգարանը, «Զորավար Անդրանիկ» թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը, անցյալ տարի բացվեց Կոմիտասի թանգարանը, ինչպես նաև մեր ճարտարապետությունը ներկայացնող Ալեքսանդր Թամանյանի և Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտները, որոնք երկուսն էլ գտնվում են Կառավարության 3-րդ մասնաշենքի երկու կողմերի առաջին հարկերում:

Քաղաքաշինության նախարարությունը, սակայն, որոշել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը միավորել Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտի հետ: Նախարարության այս մտահղացումը շատերին տարակուսանքի մեջ է գցել. ինչո՞ւ պիտի գոյություն չունենա Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ, մեծագույն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը, որտեղ ներկայացված են նրա նախագծերը, արխիվային նյութեր և այլն, չէ՞ որ հենց նրա թանգարանը պիտի հիմնադրված լիներ դեռ խորհրդային տարիներին:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, սակայն, փարատում է մտահոգությունը, թե թանգարանը պարզապես փակվում է՝ միավորվելով Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին: Այդ միավորված թանգարանը, ըստ Մինասյանի, կոչվելու է հենց Ալեքսանդր Թամանյանի անվամբ, և ուրեմն, ըստ Ճարտարապետների միության նախագահի, երկու թանգարանների միավորումն արդարացված է:

«Կարծում եմ, որ ավելի հնչեղ կլինի, որովհետև Ճարտարապետության թանգարան-ինստիտուտ ունենալ Թամանյանի անունով և մեջը նաև ընդգրկված լինի Թամանյանի թանգարանը՝ իր ամբողջական ցուցադրությունով, կարծում եմ, որ լավ կլինի: Էդ բոլորը պետք է ցավալի չընդունել, տեսնել, եթե հանկարծ պարզվի, որ դա սխալ է, կարելի է վերադառնալ այդ սկզբունքներին: Ուզում եմ ասել, որ դա վտանգավոր բան չէ, դրանից դարձնել մեծ պատմություն, բոլորովին պետք չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը:

Թանգարանների միավորման գործընթացը դեռ չի սկսվել, բայց օրեր առաջ Լոնդոնում բնակվող Ալեքսանդր Թամանյանի թոռը մի բաց նամակ էր տպագրել մամուլում, որտեղ անխնա քննադատել էր քաղաքաշինության նախարարին նման մտադրության համար: Ճարտարապետների միության նախագահի խոսքով, թոռը երևի ամբողջովին տեղյակ չէ այս գործընթացից:

Թամանյանի թանգարանի հիմնադիր տնօրեն, Թամանյանի ծոռ Հայկ Թամանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քաղաքաշինության նախարարությունում մշակված որոշման նախագիծը՝ երկու թանգարանների միավորման մասին, քննարկվելու է դեռ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում, բայց հիմա էլ իր համար պարզ չէ այդ թանգարանների միավորման նպատակահարմարությունը: Նա շեշտեց, որ նաև համաձայն չէ հորեղբոր խիստ գնահատականներին: «Ես այդ միավորման նպատակահարմարությունը չեմ տեսնում, ես չգիտեմ, թե ինչն է պատճառը այդպիսի նախաձեռնության ծագման», - ասաց Հայկ Թամանյանը:

Իսկ այն, որ վերակազմավորված կամ միավորված թանգարանը պիտի կրի Ալեքսանդր Թամանյանի անունը, Հայկ Թամանյանն իհարկե տեղյակ է: «Այո, ես գիտեմ, որ միավորված թանգարանը պետք է կրի, ըստ նախագծի, Ալեքսանդր Թամանյանի անունը, կարելի է ասել, որ Ճարտարապետության թանգարանը կվերանվանվի՝ նրա անվանման մեջ կհայտնվի Ալեքսանդր Թամանյանի անունը, իսկ մեր թանգարանը, փաստորեն, կտարրալուծվի»:

Հարցին, թե թանգարանի տարածքը պահպանվելո՞ւ է, այնտեղ ցուցադրությունները շարունակվելո՞ւ են, Հայկ Թամանյանը պատասխանեց. - «Ինձ ասել են, որ ոչինչ չի փոխվելու, ընդամենը վերակազմավորվելու է, այսինքն՝ երկու տնօրենի փոխարեն լինելու է մեկը, մեկ աշխատակազմ, տնօրենը կունենա երկու փոխտնօրեն»:

Ճշտող հարցին, թե փոխտնօրեններից մեկը ինքը կլինի՞, Թամանյանը պատասխանեց, որ այդ մասին միայն ակնարկ է լսել: «Լսել եմ ակնարկ, բայց հայտնի նամակից հետո շատ բան փոխվել է, ու ես չգիտեմ՝ ինչպես կլինի. մենք կունենանք միավորված թանգարան, որը կունենա շատ ընդարձակ անելիքների տիրույթ», - ասաց Հայկ Թամանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG