Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է, որ նախագիծն արդեն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով

Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը կհրապարակվի մինչև մարտի 1-ը: Դրան հաջորդելիք երկու ամիսների ընթացքում միայն քննարկումներում կներգրավվեն խորհրդարանական խմբակցություններն ու հանրությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

«Նախագիծը սահմանված ընթացակարգով կհասնի Ազգային ժողով: Մենք դա անպայման բազմակողմանի քննարկման առարկա ենք դարձնելու: Ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, մտադիր եմ, նաև մեր ղեկավարների հետ քննարկումների արդյունքում, կազմակերպել բավականին բաց, թափանցիկ քննարկումներ: Դրանք կլինեն և՛ լսումների տեսքով, և՛ աշխատանքային քննարկումների տեսքով»,- մանրամասնեց Սահակյանը:

Ընդդիմադիրները պնդում են, որ նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը հրաժարվեց հերքել կամ հաստատել այս տեղեկությունը՝ նշելով միայն, որ նախագիծը ներկայացնելու է կառավարությունը։ «Հարցին կարող են պատասխանել իրենք՝ հեղինակները․․․»:

Օրեր առաջ, սակայն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հարցմանը Արդարադատության նախարարությունից պատասխանել էին՝ «օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումներ են անցկացվում տարբեր միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ։ Աշխատանքներն ավարտելուն պես օրենսգրքի նախագիծը կդրվի հանրային քննարկման»։

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդում է՝ օրենսգրքի շուրջ իշխանությունները «անդրկուլիսյան բանակցություններ են» վարում՝ դիտավորյալ չներգրավելով ընդդիմադիրներին։ «Հայտարարում ենք, որ իշխանություններն ուղղակի անազնիվ են վարվում այս հարցում, նրանք անդրկուլիսյան, կուլուարային ինչ-որ բանակցություններ են տանում, բացարձակապես չներգրավելով ընդդիմությանն այդ գործընթացում: Ընտրական օրենսգրքի մշակման հարցն էլ ոչ թե տանում են բաց, թափանցիկ, այլ փորձում են նորից հանրության թիկունքում, ընդդիմության թիկունքում ինչ-որ բաներ կատարել, հետո մեզ դնել փաստի առաջ»,- ասում է Զուրաբյանը:

Ավելի վաղ, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, թե «աշխատանքային խումբը խորհրդարանական խմբակցությունների հետ նախագիծը քննարկել է»։ «Ժառանգություն»-ից, «Բարգավաճ Հայաստան»-ից ու ՀԱԿ-ից, սակայն, հայտնեցին, որ որևէ քննարկման հրավեր չեն ստացել։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը կարծում է, որ իշխանությունները նախ Վենետիկի հանձնաժողովին են ներկայացրել նախագիծը՝ հանրային հետագա քննարկումների ժամանակ այդ հանձնաժողովին որոշ հարցերում հղում անելու համար։

«Եթե նույնիսկ հանրապետականները և ՀՅԴ-ն արել են [քննարկել են նախագիծը], դա իրենց տնային աշխատանքն է։ Շատ ուրախ կլինեի, եթե այդ տնային աշխատանքը շատերի հետ անեին ի սկզբանե։ Չեն արել, ցավում եմ։ Երևի իրենք էլ ունեն կասկածներ տարբեր մոտեցումների հանդեպ, դրա համար էլ նախօրոք են դիմել Վենետիկի հանձնաժողովին: Պատասխանից հետո միգուցե կորոշեն, թե որ մի տարբերակը օգտագործեն, որ ասեն՝ այ նայեք՝ Վենետիկի հանձնաժողովը ողջունել է մեր այս մոտեցումը»,- պարզաբանեց Պողոսյանը։

Ըստ նրա, եթե հղելու խնդիրն այդքան կարևոր չլիներ, միանգամից կքննարկեին բոլորի հետ, ապա նոր կուղարկեին Վենետիկի հանձնաժողով՝ վերջնական տարբերակի շուրջ փորձագետների կարծիքը լսելու:

Պողոսյանն, իր հերթին, առաջարկում է ընդդիմադիր բոլոր խմբակցություններին՝օրենսգրքի հետ կապված ընդհանուր ձևակերպումներ գտնել ու միասին դիմել Վենետիկի հանձնաժողովին: Հիշեցնում է, որ նման երկու նախադեպ արդեն եղել է։ Հայ ազգային կոնգրեսը ևս ընդդիմությանը միասնաբար հանդես գալու կոչ է արել: Լևոն Զուրաբյանն առաջարկել էր միասնական պլատֆորմ ստեղծել ու պահանջել՝ Ընտրական օրենսգրքում ամրագրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակման հարցը: Զուրաբյանը մեզ փոխանցեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, երկուշաբթի հանդիպելու են գործընկերների հետ։

XS
SM
MD
LG