Մատչելիության հղումներ

logo-print

«Նոր Հայաստան»-ն ասում է՝ գիշերային ակցիաները շարունակվելու են


Վարուժան Ավետիսյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Վարուժան Ավետիսյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Ժամը 22։00-ից հետո ակցիաներ կանցկացնի «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը։

Չնայած ոստիկանության նախազգուշացումներին, «Նոր Հայաստան»-ը հայտարարում է՝ Ազատության հրապարակում գիշերային ակցիաները շարունակվելու են։

Այսօր շարժման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենց իրազեկված ակցիան ավարտվելու է 22։00-ին, իսկ դրանից հետո մինչև առավոտ բողոքի միջոցառում է սկսելու «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը։

«Ինձ դիմել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը, նրա ներկայացուցիչները խնդրել են այստեղ գտնվող գույքը, նաև պաստառները առաջին հերթին, որոնք արտահայտում են իրենց նպատակներն ու գաղափարները, օգտագործման նպատակով թողնել իրենց, որպեսզի իրենք կարողանան ժամը 22։00-ից մինչև առավոտյան ժամը 8-ը օգտագործել այս գույքը իրենց հավաքը պատշաճ կերպով անցկացնելու նպատակ»,- հայտնեց Ավետիսյանը։

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, որ իրենց գիշերային ակցիաները օրենքի շրջանակներում են.- «Նախատեսվում է, որ կլինի հարյուր հոգուց պակաս մասնակիցների թվով, և ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ կետի, դա իրազեկման կարիք չունի»։

Ոստիկանությունը այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փետրվարի 26-ից մինչև մարտի 25-ը Ազատության հրապարակում իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երևանի քաղաքապետը կիրառել է ժամային սահմանափակում։

«Ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել։ Գիշերվա ժամերին հավաքի անցկացման վայրերում արձանագրվել են իրավախախտումների դեպքեր, այդ թվում անչափահասների մասնակցությամբ։ <...> Խնդրում ենք անտարբեր մնալ անհնազանդություն ցուցաբերելու՝ կոնկրետ անձանցից հնչող կոչերին։ Դրանք օրինականությունը խախտելու քարոզչության դրսևորումներ են և ունենալու են իրավական հետևանքներ։ Յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունն արձագանքելու է դրանց հանրորեն վտանգավորության բնույթին՝ համաչափ, այդ թվում հարկադրանքի կազմակերպված գործադրմամբ»,- նշվում է Հայաստանի ոստիկանության հայտարարության մեջ։

Արդեն շուրջ 90 օր Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիա անցկացնող «Նոր Հայաստան»-ը այս հայտարարությունը որակում է որպես սպառնալիք։

«Պարզ է, որ սրանից հետո պետք է ինչ-որ ժամանակ հետևեն, ըստ իրենց պլանի, բռնի գործողություններ՝ մեզ այստեղից հանելու համար»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Ընդդիմադիր շարժման ներկայացուցիչը ասաց, թե ոստիկանության հայտարարությունը կապ ունի մարտի 1-ին նախատեսվող հավաքի հետ, որն անցկացնելու են Հայ ազգային կոնգրեսի համատեղ։

«Մարտի 1-ով ուժգնանում է իրենց շարժառիթը մեզ այստեղից հանելու, բայց առհասարակ իրենք նպատակ ունեն բողոքող քաղաքացիներին հրապարակից հեռացնելու։ Եթե ռեժիմը արդեն խոսում է այն մասին, որ Ազատության հրապարակում չի կարելի հանրահավաք անցկացնել, դրանից հետո կխոսի այն մասին, որ առհասարակ չի կարելի հանրահավաքներ անցկացնել։ Սա է ռեժիմի և նրա մահակի վերածված ոստիկանության խորքային պլանը»,- ասաց Ավետիսյանը։

«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչը հայտարարեց նաև, որ Ամանորի գիշերը ձերբակալված Գևորգ Սաֆարյանի գործով նախաքննություն ավարտվել է և շուտով կուղարկվի դատարան։

«Ընդամենը երկու աշխատանքային օր ժամանակ է տվել երկու հատորանոց գործի նյութերին ծանոթանալու համար։ Միջնորդությունը, որ առնվազն վեց աշխատանքային օր է պետք գործի նյութերին ծանոթանալու համար, մերժվել է, և ստիպված հիմա երկու օրվա ընթացքում Գևորգը և իր պաշտպանը պետք է հասցնեն պատրաստվել դատավարությանը»,- նշեց Ավետիսյանը՝ հավելելով, թե Սաֆարյանին ազատ կարձակեն միայն հանրային և միջազգային կառույցների ճնշման դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG