Մատչելիության հղումներ

Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը։ Այս մասին դիվանագետը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։

«Ես պատրաստվում եմ մասնակցել Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակի միջոցառմանը։ Մենք ցանկանում ենք ոգեկոչել ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի բոլոր զոհերի հիշատակը»,- գրել է Ջեյմս Ուորլիքը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, երեկ անդրադառնալով Ուորլիքի գրառմանը, հարցրել է.- «2016 թվականի հունվարին Բաքվի ջարդերի տարելիցի օրը գրառում կատարե՞լ եք կամ արդյոք Սումգայիթի կոտորածը հիշելո՞ւ եք։ Այս հարցերի մասին խոսելու եք այդ միջոցառմանը»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ուորլիքը Համբարյանի մատնանշած հարցերի մասին չի խոսել։ Վկայակոչելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության պաշտոնական հաղորդագրությունը՝ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են ամերիկացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, տասնյակ կոնգրեսականներ՝ Սթիվ Կոհենը, Հենրի Կուելարը, Դոնալդ Փեյնը, ովքեր իրենց ելույթներում հայտարարել են, թե «Ադրբեջանի տարածքները շարունակում են Հայաստանի կողմից օկուպացված լինել, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը պետք է ակտիվություն դրսևորի այդ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»։

Վերջին տարիներին փետրվարին պաշտոնական Բաքուն տասնյակ երկրներում իր դեսպանատների միջոցով կազմակերպում է լայնածավալ միջոցառումներ, որոնց նպատակն է Խոջալուի դեպքերը ներկայացնել իբրև հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված «ցեղասպանություն»։ «Խոջալուի զոհերի հիշատակ» անվամբ միջոցառումների համար ընտրված օրը փետրվարի 26-ն է։ Այսօր Բաքվում և այլ բնակավայրերում նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Հայկական կողմը պնդում է, որ Խոջալուի դեպքերը «ադրբեջանական քարոզչության պարզունակ հնարքներից է»։

Խոջալուի դեպքերի վերաբերյալ կարծիքները հակասական են նաև Ադրբեջանի իշխանական վերնախավում։ 24 տարի առաջ Ադրբեջանը ղեկավարող Այազ Մութալիբովի համոզմամբ՝ Խոջալուի դեպքերը իր երկրի ընդդիմությունը կազմակերպել է իրեն վարկաբեկելու և պաշտոնանկ անելու համար։

«… Հայերն, այնուամենայնիվ, միջանցք էին թողել, որով մարդիկ կարող էին փախչել: Ուրեմն ինչո՞ւ պետք է նրանք կրակեին»,- իր հարցազրույցներից մեկում նշում էր Ադրբեջանի նախկին նախագահը։

Նշենք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Խոջալուն ադրբեջանական ռազմավարական հենակետերից մեկն էր համարվում, որտեղից, հայկական կողմի վկայությամբ, ամիսներ շարունակ հրետակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Մենք պարտավոր էինք ազատագրել այդ տարածքը, այսինքն՝ ոչ թե տարածքը ազատագրել ժողովրդից, այլ մենք պետք է այդ կրակակետերը լռեցնեինք»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր Խոջալուի ռազմական գործողությունների հրամանատար Վիտալի Բալասանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG