Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը զգուշացնում է՝ այսօրվանից հավաքների ժամային սահմանափակում կա


Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում, արխիվ

Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում, արխիվ

«Փետրվարի 26-ից մինչև մարտի 25-ը Ազատության հրապարակում իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երևանի քաղաքապետը կիրառել է ժամային սահմանափակում: Մասնավորապես` ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել», - ասված է Հայաստանի ոստիկանության այսօր տարածած հայտարարությունում:

Նշելով, որ «Երևանի քաղաքապետի որոշումներում արտահայտված դիրքորոշումների օրինականությունը ստուգված է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0791/05/16 վարչական գործով ընդունված և ուժի մեջ մտած դատական ակտով», Ոստիկանությունը հիշեցնում է, թե արդեն իսկ հայտարարել է, որ գիշերվա ժամերին հավաքի անցկացման վայրերում արձանագրվել են իրավախախտումների դեպքեր, այդ թվում` անչափահասների մասնակցությամբ: «Բացի այդ, գիշերվա ժամերին իրազեկումների մեջ նշված շուրջ 2000 անձանց մասնակցությամբ հավաքների անցկացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու ապահովել «Հավաքների ազատության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը», - նշված է հայտարարությունում:

Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է «հարգանքով վերաբերվել վարչական ու դատական ակտերի պահանջներին, անտարբեր մնալ անհնազանդություն ցուցաբերելու` կոնկրետ անձանցից հնչող կոչերին», հիշեցնում, որ «նման կոչերն օրինականությունը խախտելու քարոզչության դրսևորումներ են և ունենալու են իրավական հետևանքներ»:

«Ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում ապահովելու է Երևանի քաղաքապետի` ի գիտություն ընդունված որոշման պայմաններով մեր քաղաքացիների` կարծիք արտահայտելու իրավունքի իրացումը: Միաժամանակ՝ իրավախախտումների յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունն արձագանքելու է դրանց հանրորեն վտանգավորության բնույթին համաչափ, այդ թվում` հարկադրանքի կազմակերպված գործադրմամբ», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG