Մատչելիության հղումներ

logo-print

«Մալաթիա»-ի աշխատակիցները պահանջում են նվազեցնել տաղավարների վարձավճարները


Առավոտյան նրանք տաղավարները բացելու փոխարեն փակեցին հարակից Րաֆֆու փողոցը:

Բողոքող առևտրականների խոսքով, մեկ քառակուսի մետրի համար իրենք վճարում են շուրջ 25 հազար դրամ, այն դեպքում, երբ, օրինակ, փետրվարին ոչինչ չեն վաճառել, որպեսզի կարողանան այդ գումարը վճարել։ Այժմ, ինչպես իրենք են պնդում, «Մալաթիա» տոնավաճառում ամենաբարձր վարձավճարներից մեկն է Երևանում․ ամենափոքր տաղավարի ամսական վարձավճարը 100 հազար դրամ է:

Ցուցարարները «Ազատության» հետ զրույցներում վրդովված էին․

«25 տարի վճարել ենք, հավատացեք՝ էլ չենք կարողանում․․․ Մարդիկ իրենց տները դրել են գրավի տակ: Պետք է ժողովրդին հասկանալ»:

«25 տարի ես այստեղ եմ աշխատում․․․ Ո՞ւր գնամ․․․ Օրերով գործ չենք անում: Հարկերը՝ շատ, տեղի փողը՝ թանկ»:

«Դնենք էս էլ փակենք, գնա՞նք: Հայաստանից ո՞ւր գնանք»:

«Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանի պատասխանը հակիրճ էր՝ չեք ուզո՞ւմ՝ ազատեք տաղավարները․ - «Իրենց պարտադիր այստեղ չեն պահում: Շատ մարդիկ ասեցին՝ մենք չենք տեղավորվում, փակում ենք: Խնդրեմ, պրոբլեմ չկա»:

Վաճառականների պնդմամբ՝ ամեն ամիս տոնավաճառը 30-40 մարդ է լքում: Հավելեցին, որ եթե իրենք էլ փակեն-գնան, հարյուրավորներ մարդիկ գործազուրկ կդառնան:

Բանակցությունների ընթացքում տոնավաճառի տնօրենը նշեց, թե պատրաստ է ընդառաջել՝ նվազեցնելով վարձը 20 հազար դրամով՝ առևտրականների վրա թողնելով հաշվապահությունն ու հարկային պարտավորությունները:

Ցուցարարները, սակայն, պնդում են, թե դա նոր թակարդ է, քանի որ այդ դեպքում ծախսերը կարող են անգամ մեծանալ: Նրանք պահանջում են վարձավճարը նվազեցնել առնվազն 40-50 հազար դրամով: Սա, մինչդեռ, անընդունելի է տոնավաճառի տնօրինության համար:

Ավետիսյանը ապարդյուն հորդորում էր աշխատակիցներին բացել փողոցը: Նրա հեռանալուց հետո ոստիկաները անցան կոշտ գործողությունների․ ուժ կիրառելով՝ բացեցին երթևեկելի հատվածը, բերման ենթարկեցին երեք տղամարդու:

Չստանալով բարձրացված հարցերի պատասխանները փողոցում, «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները պատվիրակություն ուղարկեցին տնօրենի մոտ: Ավելի քան մեկ ժամ տևած բանակցությունը ևս չտվեց ցանկալի արդյունք:

Վրդովված առևտրականները նոր պահանջ ու վերջնաժամկետ ներկայացրեցին տնօրինությանը: «Եթե 80 հազարի չհամաձայնվան, իրենց մի օր ժամանակ: Եթե չեն համաձայնվում, ամսի 1-ից գալիս ենք, չեքերը ճղում ենք ու ձրի կայնում ենք»․ - բողոքավորներից մեկի այս հայտարարությունը արժանացավ գործընկերների բուռն հավանությանը:

Հարկ է նշել, որ բողոքի ակցիայի ընթացքում տոնավաճառի ներսում կային գործող տաղավարներ:

«Մենք մեր գործընկերների գործից տեղյակ չենք: Նոր ենք իմացել, մենք չենք կարա տենց հապշտապ հարց լուծենք», - ասաց դրանցից մեկի աշխատակիցը:

XS
SM
MD
LG