Մատչելիության հղումներ

Ռուստամյան․ 1990-ականների ազատազրկված դաշնակցականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել


Այդ տարիներին իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը, սակայն, պնդում է, թե դրանք «հստակ ապացուցված քրեական գործեր էին»:

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ի պատասխան հարցին, թե արդյոք քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, այլևս իշխանության մաս կազմող ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց․ - «Որևէ մի հայտարարություն առ այն, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, նույն Եվրոպայի խորհրդում չի եղել: Դա փաստ է․․․ Անձանց, որ կանվանեն քաղբանտարկյալներ, այդպիսի ցուցակ չկա»:

Քաղաքական բանտարկյալները, նրա պնդմամբ, որոշվում են Եվրախորհրդի հինգ չափորոշիչներով: Արմեն Ռուստամյանը, ով 1995-98 թվականները բանտում է անցկացրել՝ հայրենիքի դավաճանության մեղադրանքով, ասաց, թե այն ժամանակ Եվրոպայի խորհուրդ չկար, որ այդ բնորոշումները տար: Բայց երբ անցյալի փաստերը համադրում են այսօրվա չափորոշիչների հետ, միանշանակ է, որ 1990-ականներին ազատազրկված դաշնակցականները ենթարկվում էին քաղաքական հետապնդման․ - «Բա քաղբանտարկյալը ո՞նց է լինում: Եթե, օրինակ, ես բանտարկվում են երկու մահապատժի ենթակա հոդվածներով, գումարային վաթսունհինգ տարով, բայց հետո նույն իրենց դատարանը վերաորակավորում է, փոխում է պատժամիջոցները և երեք տարի է որոշում պատիժը: Պաշտպանին եթե դու ամիսներով չես տեսնում, չեն հանում ուղղակի զբոսանքի, լողանալ չեն թողնում․․․ այդ ամենը փաստեր են»:

Նշված տարիներին իշխանության մեջ եղած, այսօր արդեն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը, հակադարձելով Ռուստամյանի պնդմանը, թե դաշնակցականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել, ասաց․ - «Հանրապետականից՝ հանրապետական»:

Անդրադառնալով պնդումներին, թե 1990-ականներին իշխող Հայոց համազգային շարժումն էր քաղաքական հետապնդումների ենթարկում քաղաքական գործիչներին՝ բանտարկելով դաշնակցականներին, Մանուկյանը պնդեց, որ այն ժամանակ ազատազրկվածներից որևէ մեկը չի արդարացվել․ - «Այնտեղ եղել են հստակ ապացուցված, վիզ վերցված քրեական գործեր, որոնց արդյունքում մինչև հիմա մարդիկ դեռ գտնվում են բանտերում: Եվ անգամ այն մարդիկ, որոնք դուրս են եկել, նրանց նկատմամբ արդարացման վճիռներ և բեկանող վճիռներ չեն կայացվել»:

Պատասխանելով հարցին, թե ինչու երկրում ոչինչ չի փոխվում՝ 90-ականներին մարդկանց բռնությունների էին ենթարկում, իսկ օրերս կալանավորված Վարդգես Գասպարին պատմում է, թե ինչ կտտանքների է ենթարկվել բանտախցում, Ռուստամյանն ասաց, թե «այնպես չէ, որ որևէ բան չի փոխվում»: Հավելեց, թե հարկավոր է հասկանալ՝ անազատության մեջ գտնվող անձին բռնությունների ենթարկում է քննի՞չը՝ ցուցմունք կորզելու համար, թե՞ խցակիցները․ - «Եթե ինչ-որ վեճ է եղել խցում, իսկ դա շատ հավանական է... Մոտ երեք տարի ես խցում եմ եղել, այնքա՜ն ծեծ ու ջարդ է եղել․․․ Բայց ես դա չեմ համարում, որ անպայման կազմակերպված է․․․ Գողական աշխարհ է, հազար ու մի բան կարող է լինել»:

Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), մինչդեռ, պնդում է, թե խցակիցները Գասպարիին ծեծել են կոնկրետ ցուցումով: Ավելին, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ եթե «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում քննիչների միջոցով են մարդկանց «կոտրում», ապա «Նուբարաշեն»-ում դա անում են՝ ներգրավելով քրեական տարրերին․ - «Օրինակ, 27 հոգիանոց խուց կարող են գցել․ տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք են՝ սպանություն, նարկոտիկների առևտուր»:

ՀՀԿ - ՀՅԴ քաղաքական համաձայնագրի մասին

Խորհրդարանի ճեպազրույցներում չշրջանցվեց նաև այս շաբաթ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համաձայնագիրը:

Անդրադառնալով պնդումներին, թե Սերժ Սարգսյանն իշխանությունը կիսեց Դաշնակցության հետ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին զրկի 2017-ի ընտրություններից առաջ ՀՅԴ-ի հետ համագործակցելու հնարավորությունից՝ Արմեն Ռուստամյանը հայտարարեց․ - «Մենք Քոչարյանի դեմ երբեք չենք եղել: Ընդհակառակը, մենք Քոչարյանի հետ համագործակցել ենք: Մենք այսօր էլ շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք Քոչարյանի հետ: Եթե նա կորոշի ավելի ակտիվ քաղաքականության մեջ լինել, մենք միայն կողջունենք դա»:

Անդրադառնալով իշխանությունը բիզնեսից տարանջատելու՝ համաձայնագրով Դաշնակցության տված խոստմանը (նկատի ունենալով, որ խնդիրը վերաբերում է հենց Հանրապետականի անդամներին)՝ Ռուստամյանն ասաց, թե կիրառելու են մի շարք մեխանիզմներ․ մասնավորապես, ՀՅԴ-ն ծրագրում է փոխել բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը՝ դրանում ներառելով ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ռուստամյանն անգամ հիշեցրեց, որ եղել է փաստացի դեպք, երբ շահերի բախման դեպքով դիմել էին այդ հանձնաժողովին, բայց խնդիրը չի լուծվել: Նա չթաքցրեց, որ խոսքը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մասին է, ում մերձավոր ազգականները ներգրավված են խոշոր բիզնեսներում․ - «Պետք է էթիկայի հանձնաժողովը, եթե ավելի հավասարակշռված լիներ, կարծում եմ, որոշումը կկայացվեր այնպես, որ հասարակության մոտ կասկածանքները չմնային: Բայց մնացել են այդ կասկածանքները»:

Արամ Մանուկյանը, մինչդեռ, սրան հակադարձում է՝ կոռումպացված մարդիկ իրենք իրենց դեմ չեն պայքարելու․ - «Այդ հուշագիրը փորձել եմ կարդալ․․․ Հեգնանքից բացի, ուրիշ բան չի առաջանում: 80 հոգի միլիոնատեր է նստած պառլամենտում, ինչի՞ մասին է խոսքը: Էթիկայի հանձնաժողովը, որի անդամները իրենք են, պիտի որոշեն, որ նրանք բիզնեսով չե՞ն զբաղվում և մանդատից պիտի զրկե՞ն․․․ Կոռուպցիայի դեմ պայքարելո՞ւ են․․․ Ո՞նց․․․ Իրենք իրենց դե՞մ: Կոռուպցիան հենց իրենց մեջ է»:

XS
SM
MD
LG