Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանության ճանաչումը Բունդեսթագի կողմից «անխուսափելի է»


Էդուարդ Շարմազանովն ու Ջեմ Օզդեմիրը, Բեռլին, 25-ը փետրվարի, 2016թ.

Էդուարդ Շարմազանովն ու Ջեմ Օզդեմիրը, Բեռլին, 25-ը փետրվարի, 2016թ.

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ Հումբոլդտի համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի հետ:

ԱԺ փոխնախագահի գրասենյակի փոխանցմամբ, Շարմազանովը բարձր է գնահատել Ջեմ Օզդեմիրի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ով Բունդեսթագում քննարկման դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հեղինակն է:

Երկուստեք կարևորվել է թե՛ Բունդեսթագի, թե ՛միջազգային հանրության կողմից մարդկության դեմ ոճիրների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը:

Կողմերն արձանագրել են, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումները վերահաստատեցին, որ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության դատապարտումն անխուսափելի է:

Երեկ ԱԺ փոխնախագահը Բեռլինի Հումբոլդտի համալսարանում «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ նշել է, որ անցյալ տարվա մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է հույների և ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:

Նա հույս է հայտնել, որ այլ երկրներ կհետևեն Հայաստանի օրինակին և կդատապարտեն այդ սարսափելի հանցագործությունը, նշելով, որ ցավոք, Թուրքիան առայսօր շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:

«Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Մեր օրերում Մերձավոր Արևելքը կանգնած է նույն սպառնալիքների առջև, որոնց առջև մեկ հարյուրամյակ առաջ կանգնեցին հայերը, հույները և ասորիները: Այժմ էլ Թալեաթի և Քեմալի հետնորդներն իրականացնում են մեկ այլ ցեղասպանություն Օսմանյան կայսրության երբեմնի տարածքներից ոչ շատ հեռու: Մենք ականատեսն ենք մեկ այլ ցեղասպանության, քանի որ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը շարունակում է մնալ չճանաչված: Իմ դիտարկմամբ՝ ժխտողականությունը հավասարազոր է հանցագործության իրականացմանը: Նույնը վերաբերում է նաև լռությանը», - իր ելույթում ասել է Շարմազանովը՝ կոչ անելով միավորվել հանուն ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման և թուրքական ժխտողականության դեմ՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:

«Կարծում եմ՝ սա միակ ուղին է բացառելու մարդկության պատմության այս ամոթալի և սարսափելի էջի կրկնությունը», - ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG