Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Բրիդլով. Ռուսաստանը որոշել է դառնալ Արևմուտքի հակառակորդ


Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ու ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլովը, արխիվ

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ու ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլովը, արխիվ

Էշթոն Քարթերն էլ Ռուսաստանին մեղադրել է իր անմիջական հարևաններին ահաբեկելու մեջ։

ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլովի խոսքով, Ռուսաստանը որոշել է դառնալ Արևմուտքի հակառակորդ և մահացու սպառնալիք Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար։ Նա այս մասին հայտարարել է փետրվարի 25-ին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ռազմական հարցերով հանձնաժողովում։

Իսկ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը նույն օրը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովում ունեցած ելույթում Ռուսաստանին մեղադրել է իր անմիջական հարևաններին ահաբեկելու մեջ, ինչպես նաև կասկածի տակ է առել ատոմային զենքի ռազմավարական կայունության՝ Մոսկվայի հանձնառությունը։ Նրանք Կոնգրես էին հրավիրվել այդ հանձնաժողովներում անցկացված լսումներին մասնակցելու, կոնգրեսականներին պարզաբանումներ տալու համար։

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականների թվում Բրիդլովը Ռուսաստանին ակտիվ քննադատողներից մեկն է. նա Ռուսաստանին խստորեն քննադատում է 2014 թվականին Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականներին աջակցելու համար, ինչը Մոսկվան հերքում է։

Ռազմական հարցերով հանձնաժողովում Բրիդլովն ասել է, թե Ռուսաստանը մտադիր է վերաշարադրել միջազգային օրենքի համաձայնեցված կարգը և կազմաքանդել Եվրոպայի միասնականությունը։

«Ռուսաստանը ընտրել է Միացյալ Նահանգներին և մեր եվրոպական դաշնակիցներին, գործընկերներին հակառակորդ և երկարաժամկետ սպառնալիք լինելու դերը», - ասել է ՆԱՏՕ-ի հրամանատարը։

Իսկ Պենտագոնի ղեկավարը, խոսելով արտաքին հատկացումների հանձնաժողովում, պնդել է, որ Ռուսաստանը, ինչպես երևում է, մտադիր է քայքայել միջազգային նորմերի սկզբունքը։ Նա նաև կասկածի տակ է առել միջուկային զենքի ռազմավարական կայունության Ռուսաստանի հավատարմությունը, մեծ զգուշությունը, որ պետք է ցուցաբերել այդ զենքերի հետ կապված։

Մեկնաբանները հիշեցնում են, որ Ռուսաստանի վերանայված ռազմական դոկտրինը ատոմային զենքի կիրառման նոր ուղեցույց է սահմանել, իսկ Սիրիայում Ռուսաստանի կողմից շարունակվող մարտական գործողությունները լայնորեն դիտարկվում, մեկնաբանվում են որպես նոր զենքերի փորձադաշտ:

Պենտագոնի ղեկավարը Կոնգրեսի հանձնաժողովում հայտարարել է. - «Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ սառը, առավել ևս՝ տաք պատերազմ չի ցանկանում։ Մենք չենք ցանկանում Ռուսաստանին տեսնել որպես թշնամի, նույնիսկ եթե նա այդպիսին թվա: Բայց մենք ոչ մի սխալ չպետք է թույլ տանք: Մենք պետք է պաշտպանենք մեր շահերը, մեր դաշնակիցներին, միջազգային օրենքի նորմերը և լավատեսական ապագան բոլորիս համար»։

Մեկնաբանները նշում են, որ Պենտագոնի ղեկավարի և ՆԱՏՕ-ի հրամանատարի գնահատականները արտահայտում են պաշտոնական Վաշինգտոնի խորացող մտահոգությունները, թե ինչպես արձագանքել Մոսկվայի գործողություններին Եվրոպայում և Միջին Արևելքում:

Հերթական ֆինանսական տարվա համար Պենտագոնը խնդրել է ավելացնել ռազմական ծախսերը՝ եվրոպական դաշնակիցներին պաշտպանելու համար, իսկ ՆԱՏՕ-ն պլանավորում է դաշինքի անդամ արևելաեվրոպական և բալթյան երկրներում մեծացնել իր ռազմական ներկայությունը՝ դաշինքի անդամներին հանգստացնելու համար:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մեկնաբանները նշում են, որ Մոսկվան բազմիցս հերքել է ԱՄՆ-ին և Արևմուտքին հակառակորդ լինելու մեղադրանքները կամ պնդումները:

XS
SM
MD
LG