Մատչելիության հղումներ

Ցյուրիխում նախատեսված է ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունը


ՖԻՖԱ-ի նախագահության թեկնածու շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան պատասխանում է լրագրողների հարցերին, Ցյուրիխ, 25-ը փետրվարի, 2016թ.

ՖԻՖԱ-ի նախագահության թեկնածու շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան պատասխանում է լրագրողների հարցերին, Ցյուրիխ, 25-ը փետրվարի, 2016թ.

Առաջատար թեկնածուներ են համարվում ֆուտբոլի Ասիայի կոնֆեդերացիայի նախագահը և ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը։

Այսօր տեղի կունենա ՖԻՖԱ-ի համագումարը, որի առանցքային հարցը համաշխարհային ֆուտբոլի կյանքը կարգավորող կառույցի նոր նախագահի ընտրությունն է։

Կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 8 տարով արգելել են զբաղվել ֆուտբոլով։

Բլատերը 2015 թվականին հայտարարել է, որ այլևս մտադիր չէ նախագահել ՖԻՖԱ-ն, իսկ Պլատինին, ով դեռ անցյալ տարի համարվում էր ՖԻՖԱ-ի նախագահության առաջատար թեկնածու, այս տարեսկզբին ասել է, որ մտադիր չէ պայքարել նախագահի պաշտոնի համար։

Փետրվարի 24-ին ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն Բլատերի և Պլատինիի որակազրկման ժամկետը 8 տարուց նվազեցրել է մինչև 6 տարի։ Պլատինին այդ պատժամիջոցն արդար չի համարում և մտադիր է նորից բողոքարկել էթիկայի հարցերով արբիտրաժային հանձնաժողովի որոշումը։

«Ես ինքնասպան չեմ, իմ ճակատագիրը ոչ թե ՖԻՖԱ-ն է, այլ Ֆրանսիայի հավաքականը, բայց պայքարելու եմ անունս մաքրելու համար»,- L'Equipe հանդեսին ասել է երբեմնի առասպելական ֆուտբոլիստը։

Այսպես, ֆուտբոլի երկու հեղինակավոր պաշտոնյաները գործնականում «կարմիր քարտ» են ստացել։ Այսօր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան, Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչ Տոկիո Սեկսվալեն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ ֆրանսիացի Ժերոմ Շամպանը, Հորդանանի իշխան Ալի իբն ալ-Հուսեյնը և ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար, Շվեյցարիայի ներկայացուցիչ ծագումով իտալացի Ջաննի Ինֆանտինոն։

Այսօրվա ընտրություններում հաղթողը կփոխարինի Զեպ Բլատերին, որի անվան հետ են կապում ՖԻՖԱ-ի պատմության ընթացքում ամենատհաճ կոռուպցիոն սկանդալները։ Շվեյցարացի և ամերիկացի իրավապահները հարուցել են քրեական գործեր, կան ձերբակալվածներ։

ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին կասկածում են կաշառքի դիմաց ֆուտբոլի առաջնությունների հեռուստահեռարձակման լիցենզիաները տրամադրելու, տարատեսակ այլ գործարքների միջոցով փողերի լվացման մեջ, ենթադրում են, որ կազմակերպությունը խարդախությամբ է Ռուսաստանին և Քաթարին շնորհել 2018 և 2022 թվականների ֆուտբոլի առաջնությունները անցկացնելու իրավունքը։

Բլատերը պնդում է, որ ինքն անձամբ ոչ մի կապ չունի այդ մեքենայությունների հետ, և ասել է, թե «ցանկանում է հեռանալուց առաջ մաքրել ՖԻՖԱ-ն կեղտից ու վերականգնել կազմակերպության բարի համբավը»։

Նա հերքում է մեղադրանքները, բայց սոսկ տեսականորեն չի բացառվում, որ նրա նկատմամբ էլ կընդունվի կալանքի որոշում։

Առաջատար թեկնածուներ են համարվում ֆուտբոլի Ասիայի կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան և Ջաննի Ինֆանտինոն։ Սալմանին սատարում են Ասիան և Աֆրիկան, իսկ Ինֆանտինոյին` Եվրոպան և Հարավային Ամերիկան, ուստի քվեարկության արդյունքը կարող են որոշել ՖԻՖԱ-ի համագումարում 11 քվե ունեցող Օվկիանիայի ներկայացուցիչները։

XS
SM
MD
LG