Մատչելիության հղումներ

Այսօր հրապարակվել է ԳՐԵԿՈ խմբի զեկույցը Հայաստանի վերաբերյալ:

«Թեև կոռուպցիայի դեմ պայքարը տարիներ շարունակ եղել է Հայաստանի իշխանությունների առաջնահերթություններից մեկը, այդուամենայնիվ այն մնում է դեռ կարևոր խնդիր, և խիստ անհրաժեշտ է, որ այս ուղղությամբ բարեփոխումներն իրականացվեն առանց հապաղելու և վճռականությամբ», - պնդում է Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ԳՐԵԿՈ խումբը այսօր Հայաստանի վերաբերյալ հրապարակած զեկույցում:

Եվրոպացի փորձագետները ուսումնասիրել են կոռուպցիոն ռիսկերը Ազգային ժողովում, դատարաններում ու դատախազությունում. - «Մեր զրուցակիցները մտահոգություն էին հայտնում Նախագահի ու իշխող կուսակցության գերիշխող դիրքի, իշխանության գերկենտրոնացվածության, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների և օրենքը ընտրողաբար կիրառելու վերաբերյալ: Շատերն էին ընդգծում, որ Հայաստանում հիմնական խնդիրը արդեն իսկ գոյություն ունեցող կանոնների արդյունավետ և իրավաչափ կիրառումն է, իշխանությունները, սակայն, չեն կիսում այս տեսակետը»:

Ազգային ժողովի մասով զեկույցը փաստում է․ - «Տարիներ առաջ խորհրդարանում ընդունվեցին էթիկայի կանոններ, սակայն, դրանք դեռևս մշուշոտ են և անարդյունավետ, թեև ԳՐԵԿՈ խումբը շարունակաբար ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակ մեխանիզմ սահմանել խորհրդարանում շահերի բախումից խուսափելու, բիզնեսն ու օրենսդիր աշխատանքը տարանջատելու, նվիրատվություններն ու արտոնությունները կանխելու համար»:

Զեկույցը անբավարար է գնահատում նաև խորհրդարանում ստեղծված Էթիկայի հանձնաժողովի աշխատանքը, ընդգծելով` մինչև օրս որևէ պատգամավորի դեպքում չի արձանագրվել, թե նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, այն դեպքում, որ անգամ որոշ պատգամավորներ եվրոպացի փորձագետների հետ զրույցում պնդել են, թե Հայաստանի խորհրդարանում ընդունված պրակտիկա է այլ գործով, այդ թվում` բիզնեսով զբաղվելը: Այս մեղադրանքը ևս Հայաստանի իշխանությունները հերքել են:

Մեկ քայլ առաջ համարելով խորհրդարանում Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը` կոռուպցիայի դեմ պայքարող խումբը միաժամանակ ընդգծում է, որ դրա աշխատանքը ավելի վստահելի կլինի, եթե պատգամավորների դեմ հայցերը քննեն ոչ թե գործընկեր-օրենսդիրները, այլ անկախ մարմին, որը կունենա նաև համարժեք պատիժ սահմանելու հնարավորություն:

Զեկույցը փաստում է, որ Հայաստանում դատական համակարգը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը․ - «Բազմաթիվ են հաղորդումները, որ դատական ատյանները կախված են ոչ միայն տարբեր մակարդակի պաշտոնյաներից, այլև ավելի բարձր ատյանների դատավորներից: Մյուս կողմից, լուրջ մտահոգություններ կան դատավորների վրա կաշառքով և նվերներով ազդելու հնարավորության վերաբերյալ»:

Հիշեցնելով, որ Հայաստանի դատական համակարգի անկախության մասին լուրջ մտահոգություններ են հայտնել նաև Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, Վենետիկի հանձնաժողովն ու Հայաստանի օմբուդսմենը՝ ԳՐԵԿՈ խումբը կոչ է անում ոչ միայն զերծ պահել համակարգն անհարկի միջամտություններից, այլև նվազեցնել Հանրապետության նախագահի դերը դատավորների առաջխաղացման ու պաշտոնանկության գործընթացում, պահանջել, որ վերջինս գրավոր փաստարկներ ներկայացնի իր որոշումների համար, ինչպես նաև հնարավորություն տալ դատավորներին բողոքարկել պետության ղեկավարի այդ որոշումները:

Զեկույցում հատուկ անդրադարձ կա նաև Գլխավոր դատախազի նշանակմանը:

«Ըստ եվրոպական չափանիշների, բարձրաստիճան այս պաշտոնյայի ընտրությունն ու նշանակումը պետք է վստահություն ներշնչի հասարակությանը», - փաստում է խումբը՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին քայլեր ձեռնարկել, որպեսզի Գլխավոր դատախազի նշանակմանն ու պաշտոնանկությանը մասնակցեն նաև «քաղաքական ուժերը չներկայացնող, փորձառու մասնագետներ»:

Դրական համարելով դատախազությունում մշակված վարքականոնները՝ խումբը միաժամանակ ընդգծում է, որ դրանք առավել ընդհանուր են և անարդյունավետ` կոնկրետ դեպքերում դատախազներին ուղղորդելու հարցում․ - «Մասնավորապես, չի հստակեցվում, թե ինչ պետք է անեն դատախազները, օրինակ, քաղաքական գործիչների կողմից ճնշումների դեպքում»:

Կոռուպցիայի դեմ պայքարի խումբը փաստում է, որ առայժմ չի արձանագրվել որևէ դեպք, երբ «դատավորի, դատախազի կամ պատգամավորի ստացած նվերը համարվել է ապօրինի կամ վերադարձվել է պետությանը ըստ սահմանված կարգի», և հորդորում է Հայաստանի իշխանություններին առավել արդյունավետ դարձնել նվերների ընդունման կանոնները, պաշտոնյաների կողմից եկամտի հայտարարագրերի ներկայացումն ու դրանց վերահսկումը:

«Բարեփոխումները պետք է իրականացվեն վճռականությամբ և առանց ձգձգումների։ Կոռուպցիայի դեմ պայքարը գերակայություն է», - հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը` ընդգծելով․ - «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին այս գործընթացում և վստահություն ունենք, որ իշխանությունները մեր հանձնարարականները կընդունեն»։

Ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ պայքարող այս խումբը 18 հանձնարարական է տվել Հայաստանի իշխանություններին` Ազգային ժողովում, արդարադատության ու դատախազության համակարգում կոռուպցիան վերացնելու համար: Առաջիկա մեկ տարվա ընթացքում` մինչև հաջորդ տարվա ապրիլ, պաշտոնական Երևանը պետք է տեղեկացնի, թե ինչ է արել այս հանձնարարականները կատարելու ուղղությամբ:

Իր հերթին, ԳՐԵԿՈ խումբը կատարված աշխատանքին գնահատական կտա 2017 թվականի երկրորդ կեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG