Մատչելիության հղումներ

Բաղրամյան 26-ից բերման ենթարկվածների փաստաբանները պնդում են՝ իրենց խոչընդոտել են


Երեկ Բաղրամյան 26-ից ոստիկանություն տարված ակտիվիստների փաստաբանները պնդում են՝ իրավապահները մոտ մեկ ժամ շարունակ թույլ չեն տվել տեսակցել պաշտպանյալներին:

Արա Կարագյոզյանը իրավապահներին անգամ Քրեական օրենսգիրքն է հիշեցրել, որով փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու համար սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով կամ կալանք՝ 1-3 ամսով, սակայն` ապարդյուն:

«Մոտ մի ժամ տևեց այդ գործընթացը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում թույլ չէին տալիս տեսակցել՝ պատճառաբանելով այն հանգամանքը, որ պետք է գրավոր թույլտվություն ստանան պաշտպանյալից։ Սակայն իմ պաշտպանյալները արդեն իսկ հեռախոսազանգի միջոցով հայտարարում էին, որ պաշտպան են ուզում»,- պատմեց Կարագյոզյանը։

Ցուցարարներից 14-ն, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարվել են ոստիկանություն: Ակտիվիստ Տիգրան Մազմանյանն ասում է՝ Վարդգես Գասպարիի օրինակով և ի պաշտպանություն նրա են նախագահականի առջև երեկ երեկոյան պառկած բողոքի ակցիա իրականացրել։

«Այսինքն՝ մենք էլ ենք նրա նման ակցիա իրականացնում, կոպիտ ասած՝ մեզ էլ ձերբակալեք, մենք էլ նույն քաղաքական հայացքները ունենք»,- ասաց Մազմանյանը։

Փաստաբան Հայարփի Սարգսյանն ասում է, որ ոստիկաններն անտեսելով օրենքը՝ կարևորել են վերադասի ապօրինի հրամանը.- «Ոստիկանները մեզ թույլ չէին տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով, որ իրենց հրաման չի տրվել մեզ թույլ տալու։ Այնինչ կարող եմ ասել՝ այն, որ ոստիկանները ևս նշում են, որ «մեզ պիտի հրամայեն, նոր ներս թողնենք», դեռ չի նշանակում, որ պիտի ենթարկվեն անօրինական հրամանին»։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ահազանգից հետո անգամ փաստաբաններին չի հաջողվել մտնել ոստիկանություն: Փաստաբանների խոսքով՝ թեպետ իրենք ըստ կարգի ներկայացրել էին վկայականները, ոստիկանները շարունակ պնդել են՝ չեն տեսել: Իրավիճակը փոխվեց միայն, երբ ոստիկանություն եկավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ես դա համարում եմ փաստաբանի պատշաճ գործունեության և բերման ենթարկվածի պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից զրկել կամ խոչընդոտել»,- գնահատեց պատգամավորը։

Ակտիվիստներ Անդրանիկ Վարդանյանն ու Մաքսիմ Սարգսյանն ասում են՝ բաժին մտնելու առաջին իսկ պահից փաստաբան են պահանջել, սակայն ոստիկանները շարունակ ձգձգել են պաշտպանի հետ հանդիպումը։

«Հենց մեքենայից իջեցնելուց դարպասից դուրս իջեցրին, որտեղ մեր ընկերներն էին, լրագրողները ու նաև փաստաբանը, մեզ հենց էնտեղ հարցրեցին՝ փաստաբան ուզո՞ւմ եք, ու ես անձամբ բարձրաձայն մի քանի անգամ շեշտեցի՝ այո՛, ուզում ենք փաստաբան, թողեք, թող մեր փաստաբանը մեզ հետ գա»,- պատմեց Սարգսյանը։

«Հենց քննիչի դիմաց զանգահարել եմ՝ բարձրախոսը միացրած, հրավիրել եմ փաստաբանին, սակայն փաստաբանին չէին թողնում։ Սա երկրորդ դեպքն է արդեն, ի դեպ, որ ընթերակաները գալիս են խմած»,- հավելեց Վարդանյանը։

Մինչդեռ ոստիկանությունից հերքում են փաստաբանների ու ակտիվիստների այս պնդումները։ «Վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց համար ժամանակ է պահանջվել բերման ենթարկվածներից պարզելու՝ փաստաբանի իրավունքից օգտվելու ցանկության մասին: Դրանից հետո է միայն ակտիվիստներին հնարավորություն տրվել հանդիպելու փաստաբանների հետ»,- գրավոր տեղեկացնում է ոստիկանությունը։

Փաստաբաններ Արա Կարագյոզյանն ու Հայարփի Սարգսյանը մտադիր են ոստիկանության դեմ դիմում ներկայացնել Փաստաբանների պալատի նախագահին ու մարդու իրավունքների պաշտպանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG