Մատչելիության հղումներ

«Քանի դեռ հզորանում է ռուս-հայկական դաշինքը` Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի սրտին մոտեցրած դաշույն է», - Forbes հեղինակավոր հանդեսում գրում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան։

Բահրեյնում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ադամ Էրելիի կարծիքով, անցած տարեվերջին Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված հակաօդային պաշտպանության մասին համապարփակ պայմանագիրը նախագահ Վլադիմիր Պուտինի համար կդառնա տարածաշրջանում իշխող դիրք գրավելու կարևոր գործիք։

Նշենք, որ դա ոչ թե հեղինակավոր Forbes հանդեսի, այլ դիվանագետի մասնավոր կարծիքն է։

Էրելիի համոզմամբ, համաձայնությունը վկայում է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության աստիճանի բարձրացման մասին։ «Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը տարածաշրջանում` ՆԱՏՕ-ի սահմանի մոտ, ձեռք է բերել նոր արբանյակ-պետություն և սպառնում է ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային»,- Forbes-ում գրել է Էրելին։

Նա պնդում է, որ անցած կես տարում Հայաստան ռուսաստանցի զինծառայողների և զինտեխնիկայի ներհոսքի ծավալն էապես մեծացել է։

Խոսքը, մասնավորապես, “Наводчик-2” և “Тахион” անօդաչու թռչող սարքերի, Մի-24 գրոհային ուղղաթիռների և «Իսկանդեր-Մ» միջմայրցամաքային հրթիռների մասին է։

Հայաստանում ներկայումս տեղակայված է մոտ 5 հազար ռուսաստանցի զինծառայող և երկու ռազմակայան։ 2010 թվականին երկու երկրները կնքել են պայմանագիր ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը երկարաձգելու և Ռուսաստանի կողմից Հայաստանին արդիական զենք ու ռազմական սարքավորումներ մատակարարելու մասին։

«Ինչո՞ւ ենք լռում Թուրքիայի նկատմամբ ռուսական քողարկված ագրեսիայի մասին, ինչո՞ւ բարձրաձայն չենք քննադատում Հայաստանին ռուսական հարվածային զորամիավորումները հանդիսավորությամբ հյուրընկալելու համար», - հարց է տալիս Էրելին, ով համոզված է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Էրելին գրում է, որ Թուրքիան ամերիկացիների ղեկավարած կոալիցիայի այն հազվադեպ անդամներից է, որը բազաներ ունի «Իսլամական պետության» ռազմավարական կենտրոնների մոտակայքում։

«Հայաստանն ունի սահմաններ Ամերիկայի երեք առանցքային դաշնակիցների` Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Քանի դեռ հզորանում է ռուս-հայկական դաշինքը` Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի սրտին մոտեցրած դաշույն է», - հայտարարում է Էրելին։

Նրա համոզմամբ, Միացյալ Նահանգների ղեկավարները պարտավոր են Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքերից, սակայն փոխարենը հանդուրժում են Պուտինի կողմից ուժի դրսևորումը:

«20-րդ դարի պատմությունը վկայում է, որ այդպիսի մոտեցումը լավ չի վերջանում», - եզրակացնում է ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ Ադամ Էրելին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG