Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ երաժիշտ Լիոր Շամբադալը կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:

Համերգին հնչելու են բացառապես Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործությունները՝ «Ամառային գիշերվա երազ» կոնցերտային նախերգանքը, ջութակի կոնցերտը (մենակատարն Ալեքսանդր Սիտկովեցկին է Մեծ Բրիտանիայից) և 5-րդ սիմֆոնիան:

Երևանյան համերգից առաջ վերջին փորձի ընդմիջմանը մաեստրոն պատասխանեց «Ազատության» հարցերին: Շամբադալը հիշեցրեց, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան և տարեցտարի զգում է, թե Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը «ձգտում է ավելի ու ավելի լավ նվագել, աճել, զարգանալ»․ - «Հայաստանը պետք է հպարտանա այս նվագախմբով»:

Դիրիժորն ինքն է ընտրել այս ծրագիրը, նախ՝ որովհետև Մենդելսոնն իրեն շատ հոգեհարազատ է, «ինչպես Աստվածաշնչի առաջին երկու գրքերը»․ - «Հետո էլ նրա ստեղծագործությունները մեր օրերում հաճախ չեն հնչում: 5-րդ սիմֆոնիան գուցե Հայաստանում չի հնչել մինչև օրս»:

«Այսօր ողջ աշխարհում կռիվ է մղվում դասական երաժշտության դեմ․ չեն ֆինանսավորում, նվագախմբեր են փակվում, հնարավորություն չեն տալիս նվագել լավագույն երաժշտական գործիքները՝ ջութակներն ու թավջութակները: Որովհետև մեզանից վախենում են, որովհետև մենք բոլորս մի լեզվով ենք խոսում՝ երաժշտության լեզվով, ու եթե մի օր համախմբվենք, ամենամեծ կուսակցությունը կարող ենք ստեղծել», - ասաց աշխարհահռչակ դիրիժորը:

Երաժշտության բնագավառում իր համար ամենակարևորը ազնիվ լինելն է՝ տվյալ կոմպոզիտորին ներկայացնել առանց մեկնաբանությունների, այնպես, ինչպես նա է գրել իր ստեղծագործությունները, և ոչ թե համերգներին փորձել «ավելին երևալ դիրիժորական սեփական մեկնաբանություններով»:

Անդրադառնալով հանրահայտ ասույթին, թե երաժշտությունն Աստծուց է ծնվել՝ Լիոր Շամբադալն ասաց․ - «Ինձ համար՝ անկասկած: Գոնե ինձ ու թերևս շատերի համար Մոցարտը Աստծո որդին է»:

XS
SM
MD
LG