Մատչելիության հղումներ

Սիրիահայերը լքում են Հայաստանը


Հայաստանից հեռացող սիրիահայերի հերթական խումբը, 25-ը փետրվարի, 2016թ․
Հայաստանից հեռացող սիրիահայերի հերթական խումբը, 25-ը փետրվարի, 2016թ․

«Մի հատ 888 համարով ավտոն վրեդ քշում է, չես կարող խոսել, կամ՝ Լիսկայի 777 համարով ավտոն անցնում է վրայովդ, չես կարող խոսել»,- դժգոհում է հեռացող սիրիահայերից մեկը:

Այսօր առավոտյան ևս երկու տասնյակ սիրիահայ լքեց Հայաստանը և ուղևորվեց Կանադա՝ այնտեղ գործող «Հայ տուն» կազմակերպության աջակցությամբ։ Կազմակերպության կայքի համաձայն՝ 2014-ից սկսած արդեն Կանադա է տեղափոխվել ավելի քան 500 սիրիահայ։ Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հավաքված սիրիահայերը խուսափում էին տեսախցիկի առջև բացատրել, թե ինչու են կրկին հեռանում հայրենիքից։

Սիրիական պատերազմի սկզբում Հալեպից Հայաստան եկած Հարություն Փալուլյանը երկու օր առաջ էր Երևանում ամուսնացել, սակայն իր նոր ընտանիքի ապագան հայրենիքի հետ չի կապում։ Ապրուստը թանկ է, աշխատավարձը չի բավականացնում: «Հաստատ ստեղի կառավարությունից լավ ա, արդեն յանըմ սիրիահայերին օգնում են, սուտ է, Հրանուշ Հակոբյանին պետք է ազատեն աշխատանքից»,- ասում է նա:

Օտար Մոնրեալում Հարությունի նորաստեղծ ընտանիքին արդեն սպասում են։ Խոստացել են նաև աշխատանք գտնել։

«Ազատության» հետ զրույցում սիրիահայերն ասում են, որ Կանադա մեկնելու համար անհրաժեշտ պայման է տեղում երաշխավոր ունենալը, ով բնակարան կգտնի և կաջակցի, մինչ իրենք աշխատանք կգտնեն։ «Մոնրեալ ենք գնում, պետք է որ աշխատանք ճարենք, լիքը բարեկամներ ունենք: Իրենք էլ են հասել այնտեղ, նենց չի, որ մենք առաջինն ենք։ Հոսքը շատ շատ է, երևում է»,- ասում է Հարությունը՝ ցույց տալով Կանադա մեկնող սիրիահայերի շարքը։

Հայաստան գալուց կարճ ժամանակ անց «Հայկական ծրագրեր» ընկերությունում աշխատանք գտած Հարությունը փորձել է ինքն էլ նպաստել, որ երկրում փոփոխություններ լինեն: Բազմիցս բողոքի ցույցերի է մասնակցել։ Անցած երեքուկես տարիներին, սակայն, հիասթափվել է: «Փողի խնդիր չի ստեղ, այլ ապրելակերպի, մի հատ 888 համարով ավտոն վրեդ քշում է, չես կարող խոսել, կամ՝ Լիսկայի 777 համարով ավտոն անցնում է վրայովդ, չես կարող խոսել»,- ասում է Հարությունը:

Նրա մայրը՝ Արաքսյան ասում է, որ իր համար ավելի դժվար է՝ Հալեպից Երևան, հիմա էլ՝ Մոնրեալ: Օվկիանոսից այն կողմ տարեց կինը չի պատկերացնում իր ապագան, բայց «պարտավորված է» գնալ։ «Նավը ուր պիտի տանի, էդտեղ պիտի գնանք։ Երեխաներս գնում են, ես էլ պիտի գնամ պարտավորված, բայց հավատա, որ առանց ուզելու կգնամ, կյանքն էր Հալեպը, էդտեղ տունս թողեցի, էստեղ տունս թողեցի, հայի բախտ է, էդտեղից փախանք եկանք, էստեղից կփախնենք, վերջը, վերջը ուր՞։ Հիմա որ ասեն պատերազմը վերջացել է, չեմ գնա Կանադա, կդառնամ տունս»,- ասում է տիկին Արաքսյան։

Պետրոս Քիրազյանը որդուն ճանապարհ էր դնում հաջողության հասնելու ակնկալիքով՝ «էստեղ հազիվ վարձ ես տալիս, էնտեղ գոնե կհաջողի»: Որդին՝ 27-ամյա Սարգիսը մասնագիտությամբ խառատ է, ասում է, որ անցած երեք տարիներին Հայաստանում այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել:

Կանադայում իրեն սպասող ծանոթներն են ասել, որ առաջիկա օրերին արդեն կարող է աշխատանքի անցնել: «3 տարի 7 ամիս է էստեղ եմ, չեմ կարա առաջ գնամ, տեղ հասնեմ, սեփականություն վերցնեմ, մի բան անեմ: Ես չեմ կարա ընտանիք կազմեմ Հայաստանի մեջ։ Աշխատանք չկա, ասում են՝ դուք ակցենտ ունեք, ռուսերեն չգիտեք, չենք կարա աշխատացնենք ձեզ, ինչ-որ խնդիր կա ստեղ երկրի մեջ։ Էսօր մի ապրանք եթե ես ներմուծեմ, օրինակ, ինքնարժեքը նստում է իմ վրա 15 000 դրամ, իսկ ուրիշ տեղեր էդ վաճառվում է 14 000 դրամով, էդ ո՞նց կարող է տենց լինի. անօրինական ինչ-որ բաներ կա»,- տարակուսում է սիրիահայ երիտասարդը:

Կնոջ և երկու երեխաների հետ մեկնելու իր հերթին սպասող Ալեքսան Կույումջյանը ևս արհեստավոր է: Չնայած դեռ աշխատանք չի գտել Կանադայում, բայց վստահ է՝ ծանոթները կօգնեն այդ հարցում: «Ոնց եկանք Հայաստան, չէինք իմանում ինչ էինք անելու, հիմա որ երեք տարի ապրեցանք, տեսանք ինչը ոնց է, դժբախտաբար...»:

Կանադայում գործող «Հայ տուն» հասարակական կազմակերպությունն օրեր առաջ Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ սիրիահայերին հովանավորելու ծրագիրը նոր դիմումներ չի ընդունում։ Սիրիահայերի հարցերով զբաղվող Սփյուռքի նախարարությունում հստակ տվյալներ չունեն, թե անցած ամիսներին որքան սիրիահայ է Հայաստանից մեկնել Կանադա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG