Մատչելիության հղումներ

Վարչապետը էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ներկայացրեց Արծվիկ Մինասյանին


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը բարձր է գնահատել արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ներդրումը երկրի զարգացման գործում և շնորհակալություն հայտնել նրան՝ համատեղ աշխատանքի համար: Աբրահամյանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում կարևոր ծրագրերը և բարեփոխումները լավ հիմքերի վրա են դրվել, արձանագրվել են ակնառու ձեռքբերումներ, և Ճշմարիտյանն իր գիտելիքն ու փորձը այսուհետ ևս կշարունակի ներդնել երկրի հետագա զարգացման գործում:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Արծվիկ Մինասյանի նշանակումն էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնպաստի գերատեսչության հետագա բոլոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը, և նորանշանակ նախարարին իր և կառավարության աջակցությունն է հայտնել:

Ճշմարիտյանը Մինասյանին մաղթել է ամենայն բարիք և պատրաստակամություն հայտնել սատար կանգնելու այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են լինելու երկրի տնտեսական հիմքերի ամրապնդմանը:

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել նախագահին, վարչապետին և ՀՅ Դաշնակցությանը՝ աջակցության և վստահության համար:

Ամփոփելով՝ վարչապետը շեշտել է, որ էկոնոմիկայի նախարարությունն ունի մեծ անելիք: «Մենք 2015 թվականին ունեցել ենք լուրջ մարտահրավերներ և բոլորիս ուժերի համատեղմամբ կարողացանք ունենալ նաև տնտեսական աճ, ի տարբերություն տարածաշրջանի երկրների, գործընկեր երկրների, որոնք ունեցան տնտեսական անկում: Իհարկե, դա մեզ չի բավարարում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում ունենանք երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա բարելավել հասարակության սոցիալական վիճակը: Համոզված եմ, որ պարոն Մինասյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի՝ 2016 թվականին հաջողություններ արձանագրելու և մարտահրավերներին դիմակայելու համար», - ասել է Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG