Մատչելիության հղումներ

Վարչապետը կառավարության անդամներին ներկայացրեց նորանշանակ նախարարներին


Ընդամենը մի քանի ժամ պաշտոնավարող դաշնակցական նախարարները խոստովանում են, որ մոնոպոլիաների առաջացումը «շատ ավելի դյուրին է, քան դրանց դեմ պայքարը», և «պրոբլեմ չեն տեսնում» աղմկահարույց մի շարք քրեական գործերով հայտնի Սյունիքի մարզպետի հետ աշխատելու առումով:

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նորանշանակ նախարարներին․ - «Ուզում եմ նորանշանակ նախարարներ պարոն Մինասյանին՝ Էկոնոմիկայի նախարար, Տարածքային կառավարման և զարգացման նախարար պարոն Լոքյանին, Կրթության և գիտության նախարար պարոն Մկրտչյանին շնորհավորել և ցանկանալ բեղմնավոր աշխատանք»:

Եթե ՀՀԿ-ական նախարարների մեծ մասը սովորաբար խուսափում է կառավարության շենքի գլխավոր մուտքից ելումուտ անել՝ թերևս ձգտելով զերծ մնալ լրագրողների և տարբեր հարցերով բողոքող քաղաքացիների հետ շփումից, Դաշնակցության անդամ նախարարները նոր պաշտոններում աշխատանքային առաջին օրը որոշեցին անցնել լրագրողների կողքով:

Կառավարության նիստից հետո Արծվիկ Մինասյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպես է պայքարելու մենաշնորհների դեմ, որոնք, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, կապված են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ, պատասխանեց․ - «Այս ուղղությամբ իրականացվելու են գործողություններ, որոնք համահունչ են լինելու թե՛ Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին և թե՛ նաև մեր երկրում ազատ շուկայական մրցակցային պայմանների ստեղծմանը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի տնտեսությունը այսօր, նաև միջազգային դասակարգումների համապատասխան, դասակարգվում է որպես բլոկադային տնտեսություն: Բլոկադային տնտեսության պայմաններում մենաշնորհների առաջացումն ու ամրապնդումը շատ ավելի դյուրին է, քան դրանց կազմալուծման գործընթացը: Առաջիկայում, երբ կներկայացվեն նաև այս ոլորտում գործողությունները, դուք ականատես կլինեք, թե ինչ հիմնական քայլեր են կատարվում այդ մասով»:

Դաշնակցական հաջորդ նախարարը՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ ավելի քան յոթ տարի զբաղեցրել է նախարարական պաշտոններ: Սակայն չենք կարող ասել, որ Լոքյանների ընտանիքը կապ չուներ իշխանության հետ նախորդ տարիներին, քանի որ մինչ ՀՅԴ-ն ընդդիմադիր գործունեություն էր վարում, Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը 2008-ից Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնականն էր, իսկ այնուհետև՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը, և պաշտոնից ազատվեց ընդամենը երեք օր առաջ:

Նախորդ տարիներին կրտսեր Լոքյանը շոշափելի հաջողությունների հասավ նաև բիզնեսի դաշտում՝ դառնալով երկու ՀԷԿ-երի («Սևադալ» ՀԷԿ ՍՊԸ և «Այուդա-լոս» ՍՊԸ) համասեփականատեր:

Քանի որ երեկվա քաղաքական համագործակցության համաձայնագրով դաշնակցականները պարտավորվել են «ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը» ու այսուհետ ամբողջական պատասխանատվություն են կրում ողջ իշխանության համար, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է պատրաստվում աշխատել, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ով իր ընտանիքի անդամների, ազգականների հետ պարբերաբար հայտնվում է աղմկահարույց մի շարք քրեական գործերի կենտրոնում:

«Ես կարծում եմ, որ բոլոր հարցերը, որոնք դուք բարձրացնում եք, ժամանակի մեջ կկարգավորվեն: Եվ ես չեմ տեսնում այդպիսի պրոբլեմներ», - արձագանքեց Լոքյանն ու հեռացավ:

XS
SM
MD
LG