Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական «սառը պատերազմի» շունչն «ավելի շատ զգացվում է Երևանում, Բաքվում և Թբիլիսիում»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

Կայունացնող դեր կարող է խաղալ գլոբալ գերտերության՝ ԱՄՆ-ի միջամտությունը, ընդգծում են վերլուծաբանները:

Ռուս-թուրքական լարվածությունը «սառը պատերազմից» ի վեր Հարավային Կովկասի խոշորագույն և ամենավտանգավոր իրադարձություններից մեկն է, կարծում է Գերմանական Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերը:

«Վաշինգտոնն այսօր կենտրոնացած է ներքին քաղաքականության վրա: Նման վտանգավոր իրավիճակ դժվար էր պատկերացնել, քանի որ երկու հզոր ուժ՝ Թուրքիան ու Ռուսաստանը, մնում են դեմ առ դեմ», - նշում է վերլուծաբանը:

«Ամերիկյան ձեռնարկատիրություն» հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով, այս պայմաններում իրավիճակը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև՝ Թուրքիայի համար:

«Երբ փորձում ես մտաբերել այն բոլոր վայրերը, որոնք Էրդողանը կամ Դավութօղլուն չեն կարող այցելել, ասենք՝ Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Ռուսաստանը, չի թվում, թե նրանց հայտարարած «ոչ մի խնդիր հարևանների հետ» քաղաքականությունն իրոք հաջողվել է», - նշում է Ռուբինը:

Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, ռուս-թուրքական հակամարտությունը կարող է «սառը պատերազմի» վերածվել, քանի որ Վլադիմիր Պուտինը փորձում է իր շախմատային խաղն առաջ տանել՝ ուշադրություն չդարձնելով Հարավային Կովկասի երկրների վրա:

«Այդ սառը պատերազմի շունչն ամենից շատ զգացվում է ոչ թե Անկարայում կամ Մոսկվայում, այլ՝ Երևանում, Բաքվում և Թբիլիսիում», - ասում է Ուոքերը:

Ջոշուա Ուոքերը նշում է, որ ստեղծված պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները փորձում են ճիշտ կողմնորոշվել:

«Նրանք հաշվարկված և ճիշտ են գործում՝ փորձելով կանխագուշակել ապագա զարգացումները, սակայն փոքր երկրների խնդիրն այն է, որ նրանք չնայած կարող են ճիշտ ընտրություն կատարել, սակայն հզոր դերակատարի կողմից մանր որևէ փոփոխություն կարող է ոչնչացնել նրանց բոլոր հաշվարկները: Հենց ներկա անորոշությունն է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անհանգստության պատճառը», - ընդգծում է Ուոքերը:

Վերլուծաբանի խոսքով, այս պայմաններում գործընթացներում կարևորագույն կայունացնող դեր կարող է խաղալ գլոբալ գերտերության՝ Միացյալ Նահանգների միջամտությունը, որը կսառեցնի հակամարտող կողմերը և կապահովի փոքր պետությունների իրավունքները:

«Առանց ԱՄՆ-ի էական ներկայության, աշխարհի այս շրջանում իրավիճակը մնում է Ռուսաստանի ձեռքում, ինչը չափազանց վտանգավոր է, քանի որ տարածաշրջանային տերությունները փոքր դերակատարների նկատմամբ հարգանք չունեն», - ավելացնում է Ուոքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG