Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան. Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը։

Արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին են ժողովրդավարական կառավարումը, աղքատության կրճատումը, սահմանների համալիր կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և աղետների ռիսկի նվազեցումը:

Արտգործնախարարն ընդգծել է, որ անցյալ տարի Հայաստանի կառավարությունը և Միավորված Ազգերի Կազմակերպությունը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման աջակցության երրորդ ծրագիրը՝ ռազմավարական մի փաստաթուղթ, որն ուղղորդելու է համագործակցությունը 2016-2020 թվականներին ժամանակահատվածում՝ արտացոլելով Հայաստանի տեսլականը և հանձնառությունը` բարելավելու իր բնակչության կենսական պայմանները։

«Կարևոր է, որ ֆինանսական դժվարությունների հետ մեկտեղ մենք առավել ուշադրության արժանացնենք կայուն զարգացմանն ուղղված խոչընդոտները՝ փակ սահմաններ, շրջափակումներ, անտեղի խտրական առևտրային ռեժիմներ։ Սրա վառ օրինակներից է այն, որ Հայաստանի նկատմամբ կիրառվող անօրինական շրջափակման պատճառով չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղին (Գյումրի-Կարս)՝ խոչընդոտ հանդիսանալով տարածաշրջանային կայուն զարգացմանը», - ասել է արտգործնախարարը։

Խոսելով կայուն զարգացումը վտանգող հակամարտությունների կանխարգելման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ սովորաբար այն պետությունները, որոնք չեն հարգում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, կոպտորեն ոտնահարում են ընդհանրապես մարդու իրավունքները:

«Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը: Սա է իրականությունը: Բայց գոյություն ունի նաև այլ իրականություն: Մի շարք ձգձգված կամ սառեցված հակամարտություններ կարող են տասնամյակներ տևել։ Մինչդեռ այդ տարածքներում բնակվող ժողովուրդների ձգտումները՝ հասնելու կայուն զարգացման նպատակներին, նույնքան օրինական են, որքան այլոց համար», - ասել է արտգործնախարարը:

Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ գտնի՝ ապահովելու հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների ներգրավումը միջազգային համագործակցությանը՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրագործմանը:

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ինչպես նաև միջազգային այլ գործակալությունների և կազմակերպությունների գործողությունները չպետք է որևէ կերպ սահմանափակում ունենան հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների համար», - ասել է արտգործնախարարը՝ նշելով, որ կարևոր է հակամարտությունների հետևանքով առաջացած խոչընդոտները վերափոխել գործընկերության դրական օրակարգ ձևավորելու հնարավորության, այդ թվում՝ հակամարտության կողմերի միջև իրական վստահություն կառուցելու միջոցով:

«Բոլոր ժողովուրդներն ունեն անվտանգության և զարգացման համընդհանուր ձգտում: Հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին, ինչն առավել կարևոր է խաղաղության ընդհանուր տեսլականի ձևավորման տեսանկյունից», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG