Մատչելիության հղումներ

Ուկրաինան «1944» երգով «Եվրատեսիլ» կուղարկի երգչուհի Ջամալային


Ուկրաինական երգի դեմ ռուսական կողմը կտրուկ բողոքում է։

Ուկրաինան որոշել է այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթին ուղարկել երգչուհի Ջամալային, որի երգը կոչվում է «1944»։

Երգը ստալինյան բռնապետության ժամանակ Ղրիմի թաթարների բռնի տարհանման, արտաքսման մասին է։

32-ամյա երգչուհին ինքը Ղրիմի թաթարների ներկայացուցիչ է, իսկական անունը Սուսաննա Ջամալադինովա է։ Ջամալան ծնվել է Ղրղըզստանում, ուր տարհանվել էին նրա նախնիները։

«Վիքիպեդիա»-ում նրա կենսագրության մեջ նշված է, որ հայրը թաթար է, մայրը քրիստոնյա է՝ կիսով չափ հայուհի։ Նրանք կարողացել են Ղրիմ վերադառնալ Խորհրդային Միության փլուզումից հետո։

Ջամալան լրագրողներին ասել է, թե իր երգի ոգեշնչման աղբյուրը մեծ տատի՝ Ղրիմից արտաքսվելու պատմությունն է։ «Երբ անծանոթները գալիս են, գալիս են ձեր տուն, սպանում են բոլորին ներսում և ասում՝ «մենք մեղավոր չենք, մեղավոր չենք», - երգում է Ջամալան։

«Սա անսովոր ընտրություն է երգի համար», - գրում է The Washington Post-ը՝ շարունակելով, որ պատմական այս թեման շատ ուկրաինացիների համար ասոցիացվում է ժամանակակից իրադարձությունների՝ 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու հետ։ «Չնայած երգի տողերում ներկայիս իրավիճակը չի նշվում, սակայն դա պարզորոշ ենթադրվում է», - գրում է թերթը։

France-Presse-ի փոխանցմամբ, կողմ քվեարկած ժյուրիի անդամներից մեկը՝ նախկինում «Եվրատեսիլ»-ի հաղթող Ռուսլանան ասել է. - «Այս երգն արտահայտում է այսօր Ուկրաինայում բոլորիս տառապանքը»։

Ջամալան Reuters-ին ասել է, թե Ղրիմի բռնակցումից հետո իր ընտանիքը որոշել է մնալ այնտեղ, չեն ցանկացել ստիպված նորից դուրս գալ Ղրիմից։ 2014 թվականից հետո նա իր ընտանիքի անդամներին չի հանդիպել՝ հասկանում է, որ իր յուրաքանչյուր խոսքը կարող է նրանց վնաս պատճառել։

Ռուսաստանի Պետդումայում ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին երգը համարել է քաղաքական։ Ինֆորմացիայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Վադիմ Դենգինի կարծիքով, երգը գրվել է Ռուսաստանին վիրավորելու նպատակով։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը Կիևին հորդորել է միջազգային հեղինակավոր մշակութային մրցույթը չվերածել քաղաքական բեմադրության։

France-Presse-ը հաղորդում է, որ ուկրաինական երգի դեմ ռուսական կողմը կտրուկ բողոքում է։ «Եվրատեսիլ»-ի ներկայացուցիչն ասել է, թե մրցույթի կանոններին այս երգի համապատասխանելու հարցը քննարկվելու է մարտին։ «Եվրատեսիլ»-ի առաջիկա մրցույթի բոլոր ձայնագրությունները, ներառյալ՝ ուկրաինական երգի, գնահատվելու են Եվրոպական հեռարձակման միության կանոններին համապատասխան, որն արգելում է քաղաքական ուղերձները։ «Մարտի 14-ը երգերը ստանալու վերջնաժամկետն է, դրանք կգնահատվեն և որոշումներ կընդունվեն», - France-Presse-ին գրել է «Եվրատեսիլ»-ի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ը անցկացվելու է Ստոկհոլմում՝ մայիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG