Մատչելիության հղումներ

«Մենք ընդամենը քաղաքական ինչ-որ շոուի ենք ականատես լինում, որի տակ երկու կուսակցությունները բաժանում են ընդամենը իշխանական կարկանդակը», - ասում է Հակոբ Բադալյանը։

«Առաջին տպավորությունն այն է, որ մենք ականատեսն ենք լինում Հայաստանի անկախության այս 25 տարվա պատմության ընթացքում հերթական բարի ցանկություններով փաստաթղթին, որը, կարծում եմ, նաև իր ճակատագրով կլինի հերթականը, այսինքն՝ կշարունակի մնալ թղթի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀԿ - ՀՅԴ համագործակցության մասին երեկ երեկոյան ստորագրված փաստաթղթին։

Վերլուծաբանի համոզմամբ, լավագույն դեպքում տեղի կունենան կոսմետիկ ինչ-որ քայլեր, որոնք կբխեն նախընտրական տրամաբանությունից։

Երեկ փաստաթղթի ստորագրումից հետո Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ «քաղաքական նոր մշակույթի սկիզբ է դրվում Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ այս համաձայնագիրը ոչ հետընտրական կոալիցիա է, ոչ էլ նախընտրական դաշինք»։

Բադալյանն ընդգծեց, որ փաստաթուղթը ստորագրած կողմերն իրենք էլ չգիտեն, թե սա ինչ է՝ ո՛չ նախընտրական է, ո՛չ հետընտրական է։ «Դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք ընդամենը քաղաքական ինչ-որ շոուի ենք ականատես լինում, որի տակ երկու կուսակցությունները բաժանում են ընդամենը իշխանական կարկանդակը՝ գերազանցապես նախընտրական տրամաբանությունից ելնելով», - ասաց վերլուծաբանը։

Նրա համոզմամբ, թե՛ Դաշնակցությանը, թե՛ Հանրապետականին այս դաշինքը ընդամենն անհրաժեշտ է ընտրության հետ կապված խնդիրները լուծելու համար․ - «Հանրապետականին, բնականաբար, հնարավորինս անաղմուկ ընտրություն անցկացնելու համար, և այդ իմաստով՝ Դաշնակցությունը Հանրապետականի համար որոշակի արժեք ներկայացնող ռեսուրս է, իսկ Դաշնակցության համար դա ապահովում է նախընտրական շրջանում իշխանական լծակների տնօրինում և նաև, կարծում եմ, երաշխավորված տեղ խորհրդարանում 2017 թվականին, բայց թերևս ոչ երաշխավորված՝ մանդատների քանակով»։

Ստորագրված համաձայնագիրը բաղկացած է հինգ էջից։ Փաստաթղթով կողմերը, մասնավորապես, ամրագրում են, որ պետք է «շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը»։ Խոսվում է նոր ընտրական օրենսգրքի մասին։ Համաձայնագրում ներառված են նաև կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող դրույթներ և այլն։

Հարցին՝ եթե չկատարվեն այս կետերը, ի՞նչ տեղի կունենա, Բադալյանը պատասխանեց. - «Ինչն է, այսպես ասած, լավատեսության բացակայության հիմքը կամ իրատեսության հիմքը. Հայաստանում կա այս փաստաթղթից ավելի առաջ ընդունված և բոլորովին վերջերս փոփոխված մի այլ փաստաթուղթ, որում գրեթե նույն կետերը կան, ավելի ընդարձակ, ավելի հիմնավոր, և որն ունի իրավական ուժ և պարտադիր է բոլորի համար։ Այ երբ կատարվեն այդ փաստաթղթի կետերը, արդեն նման փաստաթղթերի կարիք բացարձակապես չի առաջանա, և եթե առաջանում է նման փաստաթղթերի կարիք, դա նշանակում է, որ չկա մտադրություն իրականացնելու այն կետերը, որ կան Սահմանադրության մեջ»։

XS
SM
MD
LG