Մատչելիության հղումներ

Ակտիվիստը կարող է 2 տարով ազատազրկվել՝ ԱԱԾ-ի դարպասին թղթե տանկով հարվածելու համար


Արտակ Գևորգյան

Արտակ Գևորգյան

Ստվարաթղթից պատրաստված տանկով Ազգային անվտանգության ծառայության երկաթյա դարպասին հարվածելու համար Արտակ Գևորգյանը կարող է երկու տարով ազատազրկվել։ Ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար:

Ֆեյսբուքյան իր էջում 24-ամյա ակտիվիստը մեջբերել է մեղադրականից մի հատված, ըստ որի՝ ինքը «հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարել և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացրել»։

Ակտիվիստն ասում է՝ ամռանն իր թղթե տանկով ԱԱԾ-ից բացի նաև Սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ոստիկանության շենք էր հասել՝ իր բողոքն արտահայտելու համար։

«Ուղղակի տենայի ոնց են վերաբերվում տանկին... որ ես էլ ունեմ տենց տանկ, ես էլ իրենց դեմ եմ տանկս հանել, օրինակ։ ԱԱԾ-ն էդ էր ասում՝ տենց տանկով տղա ես, ելել ես մեր դեմ, էդ ես ուզո՞ւմ ասես»,- պատմեց երիտասարդը։

Արտակը արվեստի միջոցով բողոքն արտահայտող «Հակահարված» խմբի անդամներից մեկն է, սթրիթ-արտ խումբը ամռանը դատարանի վճռով վարչական տուգանքի էր ենթարկվել: 116 հազար դրամը ֆեյսբուքյան օգտատերերն էին հավաքել:

«Տեսա, որ արվեստը ուժ ունի։ Օրինակ, երբ ես ու ընկերս Ժիրայր Սեֆիլյանի պորտրետը արեցինք, հաջորդ օրը քանդեցին էդ պատը, Շանթինն էլ քանդեցին, Պավլիկինն էլ ճղեցին։ Մի օր հետո Ժիրայր Սեֆիլյանին բաց թողեցին»։

Հիշեցնելով, որ իրավապահները առաջին անգամը չեն քրեական գործ հարուցում արվեստով իր բողոքն արտահայտող երիտասարդների նկատմամբ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է՝ իշխանությունը մեկ նպատակ ունի՝ ամեն կերպ լռեցնել ընդդիմախոսներին։

«Ի՞նչ է արել նա։ Թղթե տանկով հարվածել է ԱԱԾ-ի շենքին։ Փլվե՞լ է շենքը, որ խուլիգանության մեղադրանք են առաջադրում։ Որևէ գույք չի փչացել։ Եթե նա թղթե տանկով է դարպասին հարվածել, պարզ է՝ ոչինչ չի եղել։ Բայց այստեղ ԱԱԾ-ն կարևորում է, որ օձն իր պորտով, ծիտն իր թևով չի կարող անցնել իր դարպասի կողքով։ Սա ամբողջությամբ մոգոնված մեղադրանք է»,- ասաց իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG