Մատչելիության հղումներ

Ակտիվիստներն ահազանգում են․ վտանգված է հերթական պատմամշակութային արժեք ունեցող շինությունը


Վտանգն այժմ կախված է Սախարովի հրապարակում գտնվող նախկին հրշեջ կայանի շենքի վրա, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով:

«Հուշարձանի պատերը քանդվում են թե՛ ներսից, թե՛ դրսից», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակտիվիստներից մեկը՝ մասնագիտությամբ նկարչուհի Անուշ Առաքելյանը՝ հավելելով, թե իշխանությունները շենքը վերականգնելու փոխարեն, փլուզվող պատերը քողարկում են գովազդային պաստառով․ - «Բիլայնի գովազդի ցուցանակը որ տեսա այս շենքի վրա փակցված, բավականին զայրացա, որովհետև նախ այս չափերի գովազդ մեր քաղաքում ոչ մի տեղ տեղադրված չէ: Ո՞վ կարող է թույլ տալ այսպիսի շենքի վրա, որը պահպանվում է պետության կողմից, այս չափերի գովազդային պաստառ փակցնել»:

Ակտիվիստներն օրեր առաջ նամակով դիմել էին «Բիլայն» ընկերությանը՝ հորդորելով հանել այդ գովազդային պաստառը: «Բիլայն»-ից պատասխանել են, որ իրավունքը տվել է քաղաքապետարանը:

«Ազատության» հարցմանը, թե արդյոք օրենքի խախտում չէ պատմամշակութային արժեք ունեցող շենքի պատին գովազդային ցուցանակ փակցնելը, քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից պատասխանեցին, թե Մշակույթի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն, սակայն խուսափեցին նշել, թե քաղաքային բյուջեն ամսական որքան եկամուտ է ստանում այդ գովազդից:

​Մշակույթի նախարարությունը, սակայն, պնդում է, որ տվել է ոչ թե գովազդի, այլ ընդամենը պաստառ փակցելու թույլտվություն՝ անվտանգության նպատակով:

«Քարեր էին թափվում և ապակիներ և այլն, և այլն: Դա արդեն կոնկրետ կառուցապատողի սեփականությունն է, և ինքը հետագայում դա վերակառուցելու է: Ժամանակավոր խնդրել է այդ պաստառը արվի, որպեսզի անվտանգությունն ապահովի: Գովազդ մենք թույլ չենք տվել, մենք միայն փակցնելու համար, որպեսզի անվտանգությունն ապահովվի: Այն էլ այնպիսի պայմաններ ենք դրել, որպեսզի գլխավոր ճակատը չվնասվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:

Այս տարածքը կառավարության կողմից գերակա շահ ճանաչվելուց հետո պատկանում է Սամվել Մայրապետյանի «Լոքալ Դիվելոփերս» ընկերությանը: Օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստատել գործարարի հետ․ Մայրապետյանը նախ խոստացավ զրուցել մեզ հետ, բայց հետո չպատասխանեց հեռախոսազանգերին:

Իշխանությունները վստահեցնում են, որ կառուցապատման ընթացքում հուշարձան-շենքը պահպանվելու է: Մինչդեռ ակտիվիստ Անուշ Առաքելյանը թերահավատ է՝ հիշեցնելով, թե ինչպես են մինչև օրս հողին հավասարեցվել Հին Երևանի շենքերը․ - «Միշտ այդպես է կատարվում․ փակցվում է մի ցուցանակ կամ մի պաստառ, և հետագայում տեսնում ենք, որ այդ շենքից մնում է միայն դիմացի մի հատված: Կամ էլ գալիս տեսնում ենք այլևս չկա այդ շենքը»:

Շենքն այժմ ծառայում է որպես ավտոտնակ և ավտոկայանատեղի: Ավելին՝ ներսում անգամ հին սառնարան, աթոռներ, մահճակալ կար, իսկ ավտոկայանատեղին հսկող կինը չհերքեց, որ այստեղ էլ ապրում է:

Հուշարձանի ճակատագրով մտահոգ քաղաքացիները պատրաստվում են հաջորդ շաբաթ անցկացնել բողոքի ակցիայի՝ «Բիլայն»-ի գովազդը հանելու պահանջով:

XS
SM
MD
LG