Մատչելիության հղումներ

Քիչ առաջ Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության միջև ստորագրվեց համագործակցության մասին փաստաթուղթ: Ստորագրման արարողությունից հետո Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ համագործակցության հիմքում երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանություններն են:

«Քաղաքական նոր մշակույթի սկիզբ է դրվում Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ այս համաձայնագիրը ոչ հետընտրական կոալիցիա է, ոչ էլ նախընտրական դաշինք», - նշեց Աշոտյանը, - «Այս համաձայնագիրը սկիզբ է դնում քաղաքական երկարատև համագործակցության, որը խարսխված է արժեհամակարգային ընդհանրությունների և միասնական նպատակների և գործողությունների ծրագրի վրա»:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Աղվան Վարդանյանն իր հերթին ասաց․ - «Երկար աշխատված փաստաթուղթ է, որը անդրադառնում է մեր երկրի գրեթե բոլոր ոլորտներին: Ինչ-որ առումով ճանապարհային քարտեզ է, որտեղ դրված են երկու կուսակցությունների համադրելի նպատակները, նաև երկրի նախագահի վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդհանուր են»:

Վարդանյանը տեղեկացրեց, որ երկու կուսակցությունների փոխգործակցության մասին համաձայնությունների շրջանակում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կդառնա էկոնոմիկայի նախարար, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության նախարար, Շիրակի մարզպետ կնշանակվի Հովսեփ Սիմոնյանը, Արագածոտնի մարզպետ՝ Գագիկ Գյոզալյանը:

Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ «այլևս պատասխանատվությունն ընդհանուր է», վերաբերում է բոլոր ոլորտներին և բխում է ժողովրդի շահերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG