Մատչելիության հղումներ

Դատարանը թոշակառու կնոջը պարտավորեցրել է վճարել 24 հազար դրամի աղբի վարձը


Թող պետությունը ետ տա իր պարտքը, ես էլ վճարեմ իմ պարտքը, ասում է 76-ամյա Ռոզա Կարապետյանը

Թող պետությունը ետ տա իր պարտքը, ես էլ վճարեմ իմ պարտքը, ասում է 76-ամյա Ռոզա Կարապետյանը

Տանամյակներ շարունակ նախարարությունում ֆինբաժնի վարիչ աշխատած՝ 76-ամյա Ռոզա Կարապետյանը հակադարձում է՝ «ետ տվեք խնայբանկում թողած միլիոններս, վճարեմ»:

76-ամյա Ռոզա Կարապետյանը դատավորից կարգադրություն է ստացել, որով նրան պարտավորեցրել են վճարել թաղապետարանին ունեցած 24 հազար դրամի պարտքը՝ կուտակված աղբահանության դիմաց: Հակառակ դեպքում, այդ գումարը կբռնագանձվի։

Տարեց կինը, ով ընդամենը 45 հազար դրամ կենսաթոշակ ու 20 հազար դրամ աղքատության նպաստ է ստանում, շվարած է. գործը դատարան հասցնելու մասին թաղապետարանից իրեն չեն ծանուցել, և այժմ էլ, ահա, դատարանից վճարման կարգադրություն է ստացել: «40 տարի աշխատել եմ, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, 45 հազար դրամ թոշակ եմ ստանում։ Ուրիշ բան՝ մի 60-70 հազար ստանայի, ասեի՝ սրա մեջ տեղավորվեմ»,- գանգատվում է թոշակառու կինը։

Տիկին Ռոզան 94 հազար դրամի պարտքի մասին էլ ծանուցագիր է ստացել համատիրությունից․ կառավարիչը զգուշացրել է, որ պարտքը չմարելու դեպքում կդիմեն դատարան։ Չնայած իր դժվար ապրուստին, միայնակ կինը չի հրաժարվում պարտքերից՝ պատրաստ է բոլորը վճարել, եթե ետ ստանա խորհրդային տարիներին խնայբանկում պահ տված գումարները։ «Ենթարկվում եմ էդ օրենքներին, տալիս եմ, թող իմ միլիոնները տան, ես տանեմ մուծեմ»։

Երկու նախարարությունում տասնամյակներ շարունակ ֆինանսների բաժին ղեկավարած կինը 30 հազար ռուբլի է ներդրել խորհրդային բանկում՝ ապահով ծերություն ունենալու հույսով, սակայն այսօր զրկանքների մեջ է ապրում։ Մեկ աչքի տեսողությունը գրեթե կորցրել է, բուժման գումար չունի։ «Հենց հիմա աչքիս վիրահատության համար 300 հազար դրամ են ուզում։ Ինչո՞ւ պիտի ես խեղճանամ։ Ինչո՞ւ պետք է խեղճանամ, երբ փող ունեմ, իմ ծերությունն ապահովագրել եմ։ Ինչո՞ւ են ինձ հետ էսպես ոչ մարդկային ձևով վարվում»,- հարցեր է հնչեցնում թոշակառու կինը։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչը ցույց է տալիս իրենից վճար պահանջող թաղապետարանի ու համատիրության «կատարած» աշխատանքը շենքում։ Մուտքերը կեղտոտ են, աստիճանները՝ չլուսավորված, վերելակը՝ խարխուլ։ Տիկին Ռոզան ասում է՝ բնակիչները դժգոհ են, սակայն պահանջներ ներկայացնելու համար ուժ չունեն: Ի տարբերություն նրանց, ովքեր իրենց դեմ դատարան են դիմում։

«Կռիսները՝ կատվի մեծության, դռան մոտ են գալիս։ Կատուները կռիսներից վախենում են։ Թող մտածեն սպասարկման որակը բարելավելու մասին, ոչ թե ընկնեն 24 հազարի հետևից»,- ասում է Ռոզա Կարապետյանը։

Իր իրավունքների համար պայքարող կինը մտադիր է առարկել դատավորի կարգադրության դեմ։ Իբրև հակափաստարկ նշում է, որ թաղապետարանի՝ դատարան ներկայացրած դիմումի մեջ նշված չէ՝ ինչպես և քանի տարում են գոյացել իր պարտքն ու տույժերը։ Մինչ այդ նամակ-բողոքներ է գրել վերին ատյաններին՝ ընդհուպ նախագահ Սերժ Սարգսյանին: Դրանցում ընդգծել է՝ «եթե ձեր մայրը լիներ իմ տեղում, ի՞նչ կանեիք»։ «Հենց էդպես էլ գրել եմ դիմումի մեջ»։

Կոմունալ վարձերը սովորաբար բարեխղճորեն վճարող տիկին Ռոզան ասում է՝ աղբահանության և բնակարանային սպասարկման վարձը չվճարելն իր յուրօրինակ բողոքի ակցիան է։ Չի վճարի այնքան ժամանակ, քանի դեռ փոխհատուցում չի ստացել խորհրդային տարիներին բանկում կուտակած միջոցների դիմաց։ «Չեմ մուծելու։ Ինչքան ես կսպասեմ իմ փողը ստանալու համար, էնքան էլ թող իրանք սպասեն աղբի փողի համար»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սակայն, մերժել է խորհրդային ավանդը վճարելու՝ Ռոզա Կարապետյանի պահանջը՝ պատճառաբանելով, որ քաղաքացին սահմանված ժամկետում չի դիմել ու չի հերթագրվել։

«Չհասկացա, 2006 թվին ասին 70 տարեկան չկաս, 67 էի, ինչ էի, չվերցրեցին հերթագրման։ Թե ես իմ փողի համար ինչի՞ պետք ա հերթագրվեմ՝ չգիտեմ։ 30 տարի առաջ ես 50 տարեկան էի, փող եմ գցել, որ իմ ծերությունը ապահովեմ, ես ի՞նչ գործ ունեմ հիմա ընկնեմ խնդրեմ սրան, խնդրեմ նրան»,- տարակուսում է Ռոզա Կարապետյանը:

XS
SM
MD
LG