Մատչելիության հղումներ

Ճարտարապետ. «Ի՞նչ է նշանակում․․․ քաղաքի միջավայրի շենք է, եթե պահպանելու է՝ ուրեմն պահպանենք»


Արամի 2-ի կառուցապատման նախագիծը, 23-ը փետրվարի, 2016թ․
Արամի 2-ի կառուցապատման նախագիծը, 23-ը փետրվարի, 2016թ․

Խորհրդային տարիներին Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքը (Ամիրյան 2) վերականգնած ճարտարապետ Բորիս Քոչարյանը չի ընդունում շենքի ճակատային հատվածը քանդելու՝ քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումը` պնդելով, այն ինչ սկսել են քանդել 19-րդ դարավերջի տուն է:

Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի՝ Ամիրյան 2-ի պահպանված ճակատային հատվածի մի մասը կքանդվի․ մշակույթի նախարարությունը չի առարկել, պնդելով, թե իրենց գործը միայն շենքի՝ հուշարձան համարվող հատվածի պահպանումն է։ Քաղաքապետարանն էլ արտոնել է՝ պատճառաբանելով, թե քանդման ենթակա հատվածը իրականում ոչ թե 19-րդ դարավերջին է կառուցվել, այլ խորհրդային տարիներին՝ 80-ականներին։

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը նույնն է պնդում․ - «Խորհրդային տարիներին որոշել են, որ այդտեղ շարունակեն-լցնեն, որը բուն հեղինակի ստեղծագործության հետ կապ չունի որպես հուշարձան»:

Մինչդեռ ճարտարապետ Բորիս Քոչարյանը, ով խորհրդային տարիներին շենքը վերականգնել ու ամրացրել է, հակառակն է պատմում: Նրա խոսքով՝ 80-ականներին ոչ մի կցակառույց էլ չեն ավելացրել․ - «Էսօրվա բացատրությունը, որ՝ եթե երկաթբետոն կա մեջը, ուրեմն հին չէ, ուրեմն հուշարձան չէ, մի քիչ՝ ոչ թե ծիծաղելի է, ուղղակի մասնագիտական գրագիտություն չի պարունակում: Ի՞նչ է նշանակում․․․ քաղաքի միջավայրի շենք է, եթե պահպանելու է, ուրեմն պահպանենք, եթե չէ՝ ուրեմն ազնիվ լինենք, քանդենք ամբողջովին, նոր շենք կառուցենք»:

Ճարտարապետ Բորիս Քոչարյան
Ճարտարապետ Բորիս Քոչարյան

Բորիս Քոչարյանի հավաստիացմամբ՝ գրադարանի շենքի՝ երբեմնի արական գիմնազիայի հենց կողքին կրկին 19-րդ դարավերջին, նույն ոճով կառուցված տուն կար, որն իրենք վերականգնել էին խորհրդային իշխանության պատվերով․ - «Քաղաքապետարանի պատվեր ունեինք՝ վերականգնել Իսահակյանի գրադարանի շենքը: Այս մյուս անկյունում կառույցի՝ չի եղել գիմնազիայի մասը, բայց այն ժամանակ ինքն էլ էր համարվում գրադարանի տարածք, և այդ շենքի մասն էլ ենք վերականգնել, մի քիչ ավելի շատ վերականգնողական աշխատանքներ կատարելով, քանի որ իր վթարայնությունը մի քիչ ավելի շատ էր»:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, պարզվեց, այս մասին առաջին անգամ մեզանից էր լսում․ - «Չեմ լսել այդպիսի բան։ Կամ, եթե ձեզ ասել է, կարող է նաև կիսվել Ճարտարապետների միության հետ: Ինքը վարչության կազմում է: Մի խոսքով՝ այդտեղ բան չեմ տեսնում: Մարդիկ են, իրենց կարծիքները, հիշողությունները համադրում են, իրավունք ունեն: Ուղղակի այս դեպքը, եթե ինձ հարցնեք, շատ լավ ավարտ ունի իր լուծման մեջ»:

Ճարտարապետ Բորիս Քոչարյանը, մինչդեռ, չի կիսում կարծիքը, թե այս դեպքում ավարտը լավ է լինելու, փաստում է՝ հողին է հավասարեցվում 19-ի դարավերջից մնացած վերջին շենքերից մեկը:

«Նույն քանդարարության շարունակությունն է, նույն տենդենցն է, ինչ կիրառվում է քաղաքում: Մինչև քննարկվում է Արամի 30-ը՝ կատարվում է մյուսը՝ Ամիրյան 2-ը»:

Թեև Ամիրյան 2-ի նորակառույցի կմախքը արդեն ուրվագծվում է, մինչև կեսօր նախագծի մասին որևէ պաստառ չկար: Այն տեղադրվեց ակտիվիստների պայքարից հետո՝ երկրորդ հարկում՝ շատերի համար մնալով անտեսանելի:

Արամի 2 հասցեում կառուցապատման նախագծի հեղինակ, ճարտարապետ Իսահակ Ներսիսյան
Արամի 2 հասցեում կառուցապատման նախագծի հեղինակ, ճարտարապետ Իսահակ Ներսիսյան

Նախագծի հեղինակ, ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը արդեն իր գրասենյակում ցույց տվեց քաղաքային իշխանությունների կողմից հաստատված նախագիծը․ - «Ես գնացի ոչ թե այն ճանապարհով, որ նույն սև տուֆով իրեն աճեցնեմ և երկու հարկը սարքեմ հինգ հարկ կամ վեց հարկ, որը լրիվ կաղավաղեր հուշարձանի տեսքը, այլ սրա հանդեպ նեյտրալ ինչ-որ միջավայր ստեղծենք»:

Ճարտարապետի խոսքով՝ իրենց նպատակն է եղել պահպանել և ընդգծել արական գիմնազիայի շենքի ֆասադը ու միևնույն ժամանակ ստանալ արտգործնախարարության շենքի բարձրությունն ունեցող նորակառույց․ - «Այս ամբողջ Ամիրյան փողոցի ճակատը, որ արվում է՝ իր խնդիրը այն է, որ արժեքավորենք այդ հուշարձանը: Եվ այս հատվածը, որ մենք ուզում ենք վերացնել, դրա նպատակն էլ այն է, որ մենք իրեն արժեքավորենք և հստակ ընդգծենք: Որովհետև եթե ուշադրություն դարձնեք, ինքը ունի հստակ, սիմետրիկ կառուցվածք»:

XS
SM
MD
LG