Մատչելիության հղումներ

Այսօր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է Գուանտանամոյի բանտը փակելու ծրագիրը: Օբաման հայտարարել է, որ ահաբեկչության մեղադրանքներով կալանավորների համար նախատեսված բանտը քայքայում է երկրի ազգային անվտանգությունը: Ըստ նրա, այդ բանտի գոյությունը հակասում է Միացյալ Նահանգների որդեգրած արժեքներին, ստվեր է գցում երկրի հեղինակության վրա:

«Գուանտանամոյի բանտը չի ամրապնդում մեր անվտանգությունը, միայն քայքայում է»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը ճեպազրույցի ժամանակ:

Ըստ Բարաք Օբամայի՝ Կուբայում Գուանտանամոյի բանտի գոյությունը հակասում է ահաբեկչության դեմ պայքարին, քանի որ այն օգտագործվում է քարոզչական նպատակներով` ահաբեկիչների հավաքագրելու նպատակով:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Օբաման բազմիցս հայտարարել է Գուանտանամոյի բանտը փակելու մտադրության մասին, սակայն նրա առաջարկին ընդդիմանում էին կոնգրեսականները:

2002 թվականին բացված բանտում ահաբեկչության մեղադրանքով կալանքի տակ է պահվել ավելի քան 700 մարդ: Այն փակելու դեպքում Միացյալ Նահանգները կարող է խնայել տարեկան 180 միլիոն դոլար: Օբաման ասել է, որ բանտարկյալներին պետք է տեղափոխել:

«Եկեք առաջ անցնենք և փակենք այս թեման»,- ասել է Օբաման և շարունակել.- «Ես չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ նախագահին, ով էլ որ նա լինի»:

Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017 թվականի հունվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG