Մատչելիության հղումներ

Կադիրովի մասին աղմկահարույց զեկույցի շնորհանդեսը ընդհատվել է


Ոստիկանությունն ընդհատում է զեկույցի շնորհանդեսը, 23-ը փետրվարի, 2016թ.
Ոստիկանությունն ընդհատում է զեկույցի շնորհանդեսը, 23-ը փետրվարի, 2016թ.

Կադիրովի մասին ռուսաստանյան ընդդիմությանը զեկույցի շնորհանդեսը ոստիկանության պահանջով ընդհատվել է։ Իրավապահները պնդում էին, թե ավելի վաղ ստացված հեռախոսազանգի համաձայն, շենքում, որտեղ ընթանում էր շնորհանդեսը, ռումբ է տեղադրված։

«Սպառնալիք ազգային անվտանգությանը» վերտառությամբ զեկույցի հեղինակը՝ ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը, ոստիկանության գործողությունները սադրանք է որակել՝ հրաժարվելով լքել շենքը։ Ցույց տալով զեկույցը՝ նա հայտարարել է, թե ռումբն իր ձեռքին է:

Շնորհանդեսը, որը տեղի է ունեցել «Պառնաս» կուսակցության մոսկովյան գրասենյակում, մեկնարկել է սադրանքների ուղեկցությամբ։ Նախ անհայտ անձը կեղծ դոլարներ է նետել ընդդիմադիր գործչի վրա, ապա ներկաներից մեկը փորձել է տեղում ծեծկռտուք հրահրել։

Յաշինը Չեչնիայի առաջնորդի մասին զեկույցը ներկայացնում է Բորիս Նեմցովի սպանության առաջին տարելիցին ընդառաջ։ Ընդդիմադիր գործիչը համոզված է, որ հենց Կադիրովն է կանգնած Նեմցովի, ինչպես նաև իր այլ ընդդիմախոսների սպանությունների ետևում։

«Կադիրովն իրականացնում է Չեչնիայի իսլամականացման քաղաքականություն, ինչով նպաստում է միջազգային ահաբեկչության ուժեղացմանը»,- հայտարարել է ռուսաստանյան լիբերալ ընդդիմության ներկայացուցիչը։

65 էջանոց փաստաթուղթը պնդում է, որ Կադիրովը գործնականում ստեղծել է չեչենական խալիֆայություն, որտեղ լողում է ոսկու մեջ, Ռուսաստանի օրենքները ստորադասում է շարիաթի օրենքներին և վայելում անձնական բանակի հզորությունը։ Զեկույցում նշվում է, որ տարեցտարի Կադիրովի վստահությունը իր անխոցելիության նկատմամբ ամրապնդվում է, ինչն էլ, բնականաբար, փոխում է չեչեն ղեկավարի խոսակցության տոնը դաշնային իշխանությունների հետ շփումներում. Այդ տոնը հետզհետե է՛լ ավելի լկտի բնույթ է կրում, ընդգծում է Յաշինը։

«Չեչնիայում փաստացի գործող զինված խմբավորումները կախված չեն իշխանության դաշնային մարմիններից և հավատարիմ են բացառապես Կադիրովին: Միայն Չեչնիայում է Կրեմլը թույլ տվել ստեղծել տեղական ստորաբաժանումներ, որոնք ենթարկվում են միայն հանրապետության դե ֆակտո նախագահին»,- ասված է փաստաթղթում:

8 մասից բաղկացած զեկույցում Յաշինը վերլուծում է Կադիրովի անցած ճանապարհը՝ ռուսական բանակի դեմ կռվող զինյալից մինչև Չեչնիայի առաջնորդ, որը հենվում է դաշնային բյուջեի ահռելի չափերի հասնող դոտացիաների, ծայրահեղական «Իսլամական պետության» և մասնավոր բանակի վրա, որը հավատարիմ է անձամբ Կադիրովին։ Զեկույցը պատմում է նաև Չեչնիայի կոռումպացված համակարգի մասին։ Հեղինակը գրում է, որ Կադիրովի իշխանության ներքո բացի բազմամիլիարդ բյուջետային պահումներից գործում է նաև տուրք հավաքելու համընդհանուր համակարգ։ Չեչնիայի յուրաքանչյուր բնակիչ ամեն ամիս պարտավոր է կլորիկ գումար մուծել Ռամզան Կադիրովի մոր ղեկավարած Ահմադ Կադիրովի անվան հիմնադրամին:

Քաղաքական գործիչը տվյալներ է ներկայացնում Դոնբասում պատերազմող «կադիրովականների» մասնակցության և զոհերի մասին: Նշված է, որ Կադիրովի ուժային կառույցների վետերաններից ձևավորված «Մահ» գումարտակը մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի և Իլովայսկի մարտերին։

«Մեկ դերասանի թատրոն». այսպես է արձագանքել զեկույցի հրապարակմանը Չեչնիայի ղեկավարը։ Ինքնաարտահայտման հարթակ ընտրած «Ինստագրամ»-ում Կադիրովը գրել է՝ «զեկույցը ոչ այլ ինչ է, քան դատարկաբանություն և հիմարություն»։

Մինչ ընդդիմության ներկայացուցիչ Յաշինը զեկույցի հրապարակմամբ պահանջում էր դաշնային իշխանություններից հեռացնել ութ տարի շարունակ Չեչնիան ղեկավարող Կադիրովին, ռուսաստանյան լրատվամիջոցի հետ զրույցում ինքը՝ Կադիրովը հայտարարել է, թե պատրաստ է հեռանալ:

«Կցանկանա՞ր Կադիրովը շարունակել: Ես չեմ ուզում: Տնտեսական ու սոցիալական տեսանկյունից այժմ այլ ժամանակներ են: Մեր թիմում ավելի պրոֆեսիոնալ մարդիկ կան։ Կարծում եմ, որ ես իմ պարտքը կատարել եմ։ Կա թիմ, կա երկրի նախագահ. նրանց համար ավելի տեսանելի է, թե ինչ է պետք հետագա զարգացման համար»,- ասել է Կադիրովը «Ռուսկայա սլուժբա նովոստեյ» լրատվական կայքի հետ զրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG