Մատչելիության հղումներ

Ֆիննախն ընդդեմ հայրենադարձի. 80-ամյա Միշա Պետրոսյանն ասում է՝ «թալանչիներին փող չի տա»


Միշա Պետրոսյան

Միշա Պետրոսյան

Ռուսաստանի քաղաքացի, 80-ամյա Միշա Պետրոսյանն արդեն մեկ տարի է՝ դատարաններից տուն չի գալիս։ Փորձում է մաքսավորներին ապացուցել, որ համաձայն օրենքի՝ հայրենիք մշտական բնակության վերադառնալով չպետք է իր անձնական օգտագործման գույքի համար մաքսավճար մուծի։ Ֆինանսների նախարարությունը, մինչդեռ, տուն եկած ծերունուց ավելի քան 1.000 դոլար է պահանջում՝ անձնական իրերի մաքսազերծման համար։

«Էդ գողերին, էդ ավազակներին, թալանչիներին ես ոչ մի կոպեկ չեմ տա։ Ավելի շատ փող եմ ծախսում, կծախսեմ, ավելի շատ կծախսեմ, իմ տղերքն ասում են՝ папа, не связывайся, плати и уходи, нет, не буду платить»,- ասում է նա։

Ամիսներ առաջ Վարչական դատարանը անհիմն է համարել ֆինանսների նախարարության պահանջը՝ պարտավորեցնելով անհապաղ վերադարձնել հայրենադարձի անձնական իրերը, քանի որ դրանց շարքում են նրա առողջության համար անհրաժեշտ բժշկական սարքեր։ Սակայն ֆինանսների նախարարությունը մտադիր չէ ընկրկել ու 1.000 դոլարը գանձելու համար հիմա էլ որոշել է վերաքննիչ ատյան դիմել։

«Իմ կոշիկներն են, հագուստս է, գեներալսկի մունդիրը..., գեներալի կոչում եմ ունեցել, անկողնային պարագաներ, 3 հատ վիլկա, 4 հատ լոժկա...»,- թվարկում է նա։

Ֆինանսների նախարարությունը պնդում է՝ Պետրոսյանը Հայաստան մշտական բնակության չի եկել, խախտելով օրենքը՝ պետական սահմանը հատելիս անձնական օգտագործման իրերը չի հայտարարագրել և չի կարող օգտվել դրանք անվճար անցկացնելու արտոնությունից։

Մինչդեռ ծերունին հայրենի Արագածավանում արդեն տուն է կառուցել, այգի տնկել, միայն թե վաստակած հանգիստը վայելելու փոխարեն հիմա ստիպված է ուսումնասիրել անգամ Եվրասիական տնտեսական միության օրենքները։ Միության Տնտեսական հանձնաժողովից ստացած պատասխանը ևս փաստում է՝ ԵՏՄ տարածքում մշտական բնակություն հաստատած քաղաքացին պարտավոր չէ վճարել անձնական իրերի տեղափոխման համար։

«Ես ստացել եմ մշտական բնակչի ստատուսը, իմ ապրանքը բերել եմ տեղափոխվելուց հետո 18 ամսվա ընթացքում։ Էստեղ գրված է՝ անկախ մաքսային արժեքից և քաշից»։

Նախկին Խորհրդային Միությունում նավթարդյունաբերության ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցրած Միշա Պետրոսյանը 50 տարի արտերկրում է ապրել, տարբեր երկրներում որդիների հետ հաջող բիզնես է ծավալել։ Պնդում է՝ այս պայքարը միայն իրենը չէ, ինչի մասին նամակ է գրել նաև նախագահ Սերժ Սարգսյանին։

«Ես նամակում գրել եմ, որ ֆինանսների նախարարությունը պետական կազմակերպություն չի, դա մաֆիոզնի գրուպա է, որը թալանում է պետությանը և պետք է պատասխանատվության ենթարկվի։ Էս տեսակ անօրինականություն ես աշխարհում չեմ տեսել, չկա»,- ասում է Պետրոսյանը։

Ողջ կյանքը դրսում անցկացրած ծերունին պատրաստվում է հաջորդ դատին, խոստովանում է՝ հայրենիքում դժվար է, բայց Հայաստանից գնալու մտադրություն չունի.- «Առանց Հայաստանի չեմ ապրի։ Ես ազնվությամբ ասում եմ՝ գիշերը էս սարերը միշտ երազիս էին գալիս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG