Մատչելիության հղումներ

Իրանն ու Ադրբեջանը միավորում են երկաթուղային ցանցը


Հասան Ռոհանին ողջունում է Իլհամ Ալիևին, Թեհրան, 23-ը փետրվարի, 2016թ.

Հասան Ռոհանին ողջունում է Իլհամ Ալիևին, Թեհրան, 23-ը փետրվարի, 2016թ.

«Միջազգային ասպարեզում Ադրբեջանը և Իրանը շարունակելու են աջակցել միմյանց»։ Այս մասին Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` իր գոհունակությունը հայտնելով Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման առթիվ:

«Ադրբեջանը հետևողականորեն ընդդիմանում էր Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը և մշտապես բացահայտ կերպով հայտարարում էր այդ մասին միջազգային ասպարեզում»,- նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պնդում էր Ադրբեջանի նախագահը:

Այսօր Թեհրանում կայացած բանակցությունների օրակարգը բավական հագեցած էր: Դրանց ավարտին կողմերը ավելի քան մեկ տասնյակ երկկողմ համաձայնագրեր ստորագրեցին` մաքսային և առողջապահության ոլորտներում համագործակցությունից մինչև էներգետիկա և տրանսպորտ: Այս առումով Բաքվի և Թեհրանի միջև ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններից մեկը Իրանի և Ադրբեջանի երկաթուղային ցանցերի միավորումն է:

«Մինչև տարեվերջ մենք լուրջ առաջընթաց կտեսնենք Ադրբեջանի հարավը Իրանի հյուսիսային շրջաններին կապող երկաթուղային կամրջի շինարարության նախագծի իրագործման ճանապարհին: Այդ կամուրջը գտնվելու է Իրանի Աստարա և Ադրբեջանի համանուն բնակավայրերի մոտ»,- այսօր հայտարարում էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Տրանսպորտային համագործակցությունից բացի, իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաները մանրամասնորեն քննարկում էին նաև էներգետիկ ոլորտում համագործակցության, ինչպես նաև փոխադարձ ներդրումների հեռանկարները:

Դեռ մինչև բանակցությունների մեկնարկը Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն իրանական Mehr գործակալությանը փոխանցել էր, որ Հասան Ռոհանին իր ադրբեջանցի պաշտոնակցին առաջարկելու է խորացնել էներգետիկ համագործակցությունը՝ Կասպից ծովի ավազանում համատեղ ծրագրերի իրագործման միջոցով:

«Իրանական կողմը առաջարկում է Կասպից ծովում գտնվող նավթային և գազային հանքավայրերի համատեղ շահագործում սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կասպյան ավազանում նավթի արդյունահանումը Իրանի և մի շարք հարևան պետությունների համար լուրջ ֆինանսական ծախսերի հետ է առնչվում, հուսով ենք, որ համագործակցության այդ ձևաչափի շնորհիվ հնարավոր կլինի նվազեցնել արդյունահանվող նավթամթերքի գինը»,- հայտարարում էր իրանցի նախարարը:

Էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին այսօր խոսում էր նաև Իլհամ Ալիևը` բավական լուրջ հեռանկարներ ակնկալելով.- «Մենք այսօր քննարկել ենք նաև Կասպից ծովում նավթային և գազային հանքավայրերի համատեղ զարգացման հեռանկարները: Մենք ակնկալում ենք, որ բավական լուրջ արդյունքներ կարող ենք արձանագրել: Հեռանկարները փայլուն են, և Իրան-Ադրբեջան գործակցությունը այլ պետությունների համար ևս բաց է»։

Հասան Ռոհանին և Իլհամ Ալիևը այսօր չշրջանցեցին նաև տարածաշրջանային թեմաները: Իրանի նախագահը մասնավորաբար նշում էր.- «Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG