Մատչելիության հղումներ

Քվեարկության արդյունքները կեղծելու մեղադրանք՝ թիվ 15/18-ի նախագահին


Ընտրատեղամասերից մեկում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունից հետո բացում են քվեատուփը, 6-ը դեկտեմբերի, 2015թ․
Ընտրատեղամասերից մեկում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունից հետո բացում են քվեատուփը, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ հիշյալ տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու համար:

«Անահիտ Սիմոնյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցի 11-րդ նրբանցքի 1 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքում տեղակայված թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահը, նշված օրը, քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղամասային կենտրոնում սկսել է ամփոփել քվեարկության արդյունքները և կողմնակից լինելով Սահմանադրության փոփոխություններին, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, ծրարներից քվեաթերթիկները դուրս բերելուց հետո, օգտվելով հանձնաժողովի անդամների վստահությունից, դրանք սահմանված կարգով չի ցուցադրել վերջիններիս ու դիտավորությամբ ձայներն ակնհայտ սխալ հաշվելու եղանակով կեղծել է թիվ 15/18 տեղամասի քվեարկության արդյունքները», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում: - «Այնուհետև Ա. Սիմոնյանը կեղծված տվյալներով լրացրել է հիշյալ տեղամասում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ արձանագրության օրինակներն ու տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանը, որոնք ստորագրվել են նաև մոլորության մեջ գտնվող հանձնաժողովի մյուս անդամների կողմից: Ապա Ա. Սիմոնյանը արձանագրության 1 օրինակը տեղավորել է ընտրական փաստաթղթերի պարկում, մյուսը՝ փակցրել տեղամասային կենտրոնի պատին, իսկ երկու օրինակն ու գրանցամատյանը ներկայացրել է թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով»:

«Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար հանրաքվեի թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է», - փոխանցում է ՀՔԾ-ն:

Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու համար սահմանված է 3-ից մինչև 5 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG