Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը և մնացածը «քաղաքական գործունեության համար են դատապարտվել»


«Սկսում ենք քաղել հանրաքվեի արդյունքները», - ընդգծեցին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ անցկացված ակցիայի մասնակիցները:

Երկուշաբթի երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում տեղի ունեցավ ակցիա ի աջակցություն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի և անազատության մեջ գտնվող մյուս անձանց, որոնց «Նոր Հայաստան»-ը քաղբանտարկյալ է համարում։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, Շանթ Հարությունյանն ու իր ընկերները, Վոլոդյա Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Վարդգես Գասպարին, Հայկ Կյուրեղյանը բացառապես քաղաքական գործունեության համար են դատապարտվել կամ ազատությունից զրկվել։

«Բոլորն, առանց խտրականության, որևէ քայլ չեն արել, որ հանրային վտանգավորություն իրենից կներկայացներ։ Իրենց բոլոր քայլերը վտանգավոր են եղել անօրինական, ոչ լեգիտիմ իշխանությունների համար», - ասաց Մարտիրոսյանը։

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 19-ին ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու որոշում կայացրեց: Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։

Մարտիրոսյանի խոսքով, նման անձի կալանավորումը միանշանակ ցույց է տալիս «դեկտեմբերի 6-ի կեղծված հանրաքվեի արդյունքները»։ «Այդ արդյունքները մենք սկսում ենք քաղել, և այն հեքիաթատիպ խոսքերը, որ իրավունքների առումով առաջընթաց է լինելու, իրենք շատ կարճ ժամանակահատված հետո ցույց տվեցին, թե ինչպիսի առաջընթաց է լինելու։ Առաջընթացը հետևյալն է՝ ոչ օրինական իշխանության թիմի ներկայացուցիչն ես՝ քեզ կարելի է ամեն ինչ․ կարող ես փորձել կաշառել, բռնվես և դատարանի դահլիճից ազատ արձակվես, կարող ես հանձնաժողովի անդամի ծեծել և որևէ մեկը քեզ հինգ րոպե գոնե ազատությունից չզրկի, կարող ես կեղծիքներ իրականացնել և դատարանի դահլիճից նորից ազատ արձակվել, այն էլ՝ կրկնակի կեղծիքներ անելուց հետո։ Սա է Հայաստանի այսօրվա արդարադատությունը», - ասաց ընդդիմադիր գործիչը։

«Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ, ակտիվիստ Գասպարիի նկատմամբ կատարվածը «վերջն է»։ «Մարդու արժանապատվությունը վերցրել ու տրորում են անընդհատ։ Մենք տեղյակ ենք, թե Վարդգեսի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք են ունեցել՝ ոստիկանապետից սկսած, մինչև դատավորների վերաբերմունքը այդ մարդու նկատմամբ։ Փոխանակ այդ մարդուն փայփայենք, մենք այսօր այդ մարդու արժանապատվությունը տրորում ենք։ Ուզում եմ ասել, եթե այդպիսին է, ուրեմն՝ կա հոգեվարք, նրանք էլ չգիտեն ինչպես վարվեն», - հայտարարեց Սեֆիլյանը։

Քաղաքական կոչերով 2013 նոյեմբերի 5-ին փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանը, հիշեցնենք, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեղադրանքով վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։ Դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակելու համար ինը տարվա ազատազրկման է դատապարտվել Հայկ Կյուրեղյանը։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով արդեն երկու ամիս է կալանքի մեջ է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG