Մատչելիության հղումներ

«Որ տեսնում եմ երեխեքի հացը չեմ կարում վաստակեմ, մտածում եմ դուրս երթալը», - «Ազատության» հետ զրույցում ասում է Էջմիածնում հաստատված տղամարդը։

Սիրիական պատերազմը գլխիվայր շրջեց հալեպահայ Սարգսի կյանքը՝ չորս տարի առաջ հյուր գալով Էջմիածնում բնակվող կնոջ ծնողներին, այլևս չկարողացավ վերադառնալ․ փոխեց ոչ միայն բնակության վայրը, այլև մասնագիտությունը՝ մեքենաների շարժիչներ նորոգող վարպետը Հայաստանում հիմա օծանելիք է պատրաստում։

Արաբ մասնագետներից է սովորել, թե հոտավետ յուղն ինչ քանակությամբ խառնել սպիրտին։ Երբեմն, սակայն, բաղադրատոմսը մոռանում է, ու բոլորովին նոր բուրմունք է ստանում։

«Էնտեղ 60 դոլար առնում էի շաբաթը: Ընտանիքիդ բոլ էր, առավոտ էլնեիր, մի դոլար ծախսեիր նախաճաշի, 6 հոգի հաց էր ուտում», - հիշում է նա:

Բիզնեսը զարգացնելու համար սիրիահայ գործարարը վեց միլիոն դրամ վարկ է վերցրել։ Արդեն մի տարի է, սակայն, մարել չի կարողանում։ Մի խումբ սիրիահայերի հետ այս խնդրով նաև վարչապետին է դիմել։ Արդյունքի չեն հասել:

Այսօր ստիպված է նոր աշխատանք փնտրել․ - «Արի ձեռք-ձեռքի տանք, նայենք՝ քանի խանութ փակվել ա: Եթե սենց մնաց, մայիսին էլ չշարժվավ, ավելի լավ է փակեմ, քան թե արենդը տամ, հարկայինը տամ․․․ Սպասում եմ ամառը գա, որ ես սկսեմ իմ մատուցողությունը, որ գոնե էս վարկը փակեմ»:

Երեկոյան 6-ից հետո շուկայի հարևանությամբ գտնվող փողոցում աշխուժությունը մարում է, առևտրականներն ու հատուկենտ գնորդներն էլ տուն են շտապում։ Սիրիահայ գործարարն էլ նույն ժամին արդեն վարձակալած բնակարան է հասնում։

«Տանը սուրճ միայն ես եմ կարողանում պատրաստել», - կատակում է Սարգիսը։ Հալեպից ոչ միայն սուրճ, այլև բազմաթիվ համեմունքներ է բերել։

Այստեղի սնունդը չի հավանում․ - «Զոնքաչս եփում ա, մեկ-մեկ գնում ուտում եմ: Կերակուր կա, որ չեմ կարում ուտեմ, ստիպված մեր համեմունքներն եմ անում: Որովհետև ստեղի կերակուրներ որ ուտում ես, ոնց որ հիվանդանոցի կերակուր լինի, համ-մամ չիկա մեջը, մերը որ ուտում ես՝ բերանդ վառում ա, մի պնակի տեղ երկու պնակ ես ուտում»:

Երկու երեխաների հայրը պնդում էր, թե ամենափոքր հնարավորության դեպքում կնախընտրի հայրենիքում մնալ ու որդիներին այստեղ մեծացնել։ Սակայն այսօր ստիպված է ամեն օր Հայաստանից հեռանալու մասին մտածել․ - «Իմ համար հայրենիքը սուրբ ա, սաղս որ գնանք՝ էս հայրենիքը ո՞վ ա պահելու: Բայց ստիպված պիտի փախնես: Հա՛մ ուզում եմ մնամ, հա՛մ ուզում եմ չմնամ: Որ տեսնում եմ երեխեքի հացը չեմ կարում վաստակեմ, մտածում եմ դուրս երթալը»։

XS
SM
MD
LG