Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը երկլեզու այցեքարտ է տպել


Լուսանկարը՝ Գարո Փայլանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Գարո Փայլանի ֆեյսբուքյան էջից

«Խորհրդարանի տպարանը իմ այցեքարտերը հայերեն ու թուրքերեն է տպել: Մայրենի լեզվի միջազգային օրը սա խորհրդանշական եղավ: Տարոսը մյուս լեզուներին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի պատգամավորը՝ տեղադրելով նաև իր երկլեզու այցեքարտի լուսանկարը:

Թուրքիայի խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավոր Գարո (Կարո) Փայլանը, այսպիսով, այսուհետ նաև հայերեն այցեքարտ կունենա:

Սոցիալական ցանցի օգտատերերը մեծ ուրախությամբ են արձագանքել՝ շնորհավորելով պատգամավորին մայրենի լեզվի ու ինքնության նկատմամբ ունեցած հարգանքի համար:

Թուրքական Մեջլիսի տպարանը երկրի հանրապետական շրջանի պատմության ընթացքում առաջին անգամ հայերեն այցեքարտ է տպագրել:

2014 թվականին, ի դեպ, երկրի խորհրդարանը մերժել էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության մի քուրդ պատգամավորի նմանօրինակ դիմումը:

Գարո Փայլան, արխիվ

Գարո Փայլան, արխիվ

Պատգամավորական ակտիվ գործունեություն ծավալող Գարո Փայլանը անցած շաբաթ հանդես էր եկել մեկ այլ ուշագրավ նախաձեռնությամբ: Խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովի անդամ հայազգի պատգամավորը դիմում էր ներկայացրել հանձնաժողովի նախագահին՝ պահանջելով ընդմիջել հանձնաժողովի կիրակնօրյա նիստը, որպեսզի կարողանա մասնակցել պատարագին: Փայլանը փաստարկել էր, որ աշխատանքը ընդմիջվում է ուրբաթօրյա նամազի համար՝ պահանջելով, որ նույն արվի կիրակի օրը:

Պատգամավորի դիմումը բավարարվել էր, և նիստն ընդմիջվել էր մեկուկես ժամով:

Գարո Փայլանը, ով 65 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարան ընտրված երեք հայազգի պատգամավորներից մեկն է, ակտիվորեն լծվել է երկրի օրենսդիր մարմնում փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման և իրավունքների պաշտպանության գործին: Մեջլիսում իր առաջին ելույթներից մեկը հայերեն «Բարև ձեզ»-ով սկսած պատգամավորը ջանում է լսելի դարձնել Թուրքիայում ապրող փոքրամասնությունների՝ իրավահավասար քաղաքացիության պահանջը:

XS
SM
MD
LG