Մատչելիության հղումներ

logo-print

«Բրիտանիան երբեք չի դառնա եվրոպական գերպետության մաս»


Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, արխիվ, Լոնդոն, 24 օգոստոսի, 2012թ.

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, արխիվ, Լոնդոն, 24 օգոստոսի, 2012թ.

Հունիսի 23-ին տեղի կունենա ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե։

Այսօր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խորհրդարանում ներկայացնում է Եվրոպական միության կազմում մնալու պայմանավորվածությունը, որը համաձայնեցվել է անցած շաբաթավերջին Բելգիայի մայրաքաղաքում։

Բրիտանացիները եվրոպական ինտեգրման գործընթացների կենտրոն Բրյուսելում հասել են իրենց ուզածին։ Նրանց կտրվի հատուկ կարգավիճակ, երբևէ չեն պահանջի հրաժարվել Եղիսաբեթ երկրորդի դիմապատկերով փաունդից (ֆունտ ստերլինգ) և շրջանառության մեջ դնել համաեվրոպական տարադրամ եվրոն։

Լոնդոնը փախստականներին ապաստան տալու, Եվրամիության այլ երկրներից Բրիտանիա տեղափոխվածներին աշխատատեղեր, թոշակներ և սոցիալական այլ նպաստներ հատկացնելու հարցերում ինքնուրույն քաղաքականություն է վարելու։ Ըստ էության, այս և մի շարք այլ դրույթներն են դրվել «հատուկ կարգավիճակի» հիմքում։

Դեյվիդ Քեմերոնը դեռ անցյալ տարի ասել է, որ Եվրոպական միությունում մնալու հարցն անպայման կդրվի հանրաքվեի, դա իր նախընտրական հիմնական խոստումներից էր։

Անմիջապես բրյուսելյան համաձայնությունը ձեռք բերելուց հետո վարչապետը հայտարարել է, որ հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին։

«Անցած ժամերի ընթացքում ես ձեռք բերեցի Միացյալ Թագավորության համար Եվրամիությունում հատուկ կարգավիճակի համաձայնություն։ Բրիտանիան երբեք չի ունենա ավելի սերտ հարաբերություններ Եվրամիության հետ, երբեք չի դառնա եվրոպական գերպետության մաս»,- ասել է Քեմերոնը։

Նա ընդգծել է, որ ինքն անձամբ, ինչպես և իր կառավարության անդամները կողմ են «հատուկ կարգավիճակի» պայմանով Եվրամիության կազմում մնալուն։

«Բրիտանիայի ժողովուրդը պետք է վճռի բարեփոխված Եվրամիությունում մնալու, կամ այն լքելու հարցը։ Սա կլինի պատմական նշանակության վճիռ, և ժողովուրդը պետք է ազատ լինի իր կամքն արտահայտելու հարցում»,- ասել է Քեմերոնը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Բրյուսելում տեղի է ունեցել արդար փոխզիջում։

«Չեմ կարծում, թե մենք շատ ենք զիջել Բրիտանիային»,- նշել է Մերկելը։

Բրիտանացիները պատմականորեն միշտ վերապահումներ են ունեցել Եվրամիության գաղափարի հանդեպ։

«Մենք չենք միանա Եվրամիության այն պահանջներին, որոնք նպաստավոր չեն մեր ժողովրդի համար, և միշտ կմասնակցենք այն ծրագրերին, որոնք նպաստավոր են և՛ Բրիտանիայի, և՛ Եվրամիության համար»,- ասել է Քեմերոնը։

Հարկ է նշել, որ եվրոպացի առաջնորդների մի մասը դժգոհ է, քանի որ, ըստ նրանց, այդ գործարքով միությունը բաժանվում է երկու մասի, որտեղ մեկն արտոնյալ Բրիտանիան է, մնացածները` «երկրորդ կարգի» անդամներ։ Եվ, այնուամենայնիվ, դժգոհող լիդերներն էլ հավանություն են տվել գործարքին։

«Մենք համաձայնեցրել ենք գործարք, որը երաշխավորում է Բրիտանիայի հատուկ կարգավիճակը Եվրամիության կազմում, սա իրավական ուժ ունեցող անբեկանելի որոշում է, որը կայացրել են բոլոր 28 երկրները, գործարքը հաշվի է առնում վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հայտնած բոլոր մտահոգությունները և չի ենթադրում զիջումներ հիմնարար արժեքների հարցում»,- ասել է բանակցությունները վարող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Ի դեպ, բուն Բրիտանիայում գործարքին դեմ է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն, ով ասել է, թե երկրի շահերից է բխում օր առաջ լքել Եվրամիությունը։

«Հարկ է արժանին մատուցել այսքան կարճ ժամանակահատվածում գործարքը համաձայնեցնելու վարչապետի ջանքերին, սակայն չեմ կարծում, որ բրյուսելյան փաստաթուղթը հիմնարար բարեփոխում է ապահովում Եվրամիության կազմում Բրիտանիայի մնալու հարցում»,- ասել է քաղաքապետը։

Վարչապետն անարձագանք չի թողել քաղաքապետի հայտարարությունը.- «Կասեմ Բորիսին այն, ինչ բոլորին եմ ասում. ես խորապես համոզված եմ, որ Բրիտանիան Եվրոպական միությունում կլինի ավելի ապահով և հզոր, քան միությունից դուրս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG