Մատչելիության հղումներ

Արամի 30-ի հնամյա շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի հետ տարիներ առաջ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ, պնդում է սփյուռքահայ գործարար Ավո Կարագուլյանը:

Այսօր ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանի հետ հանդիպմանը գործարարը նշեց՝ քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրով պարտավորվել է Նալբանդյան-Աբովյան-Արամի՝ գերակա շահ ճանաչված ավելի քան 11 հազար քառակուսի մետր տարածքում քանդման աշխատանքներ իրականացնել, հետո քաղաքապետարանին վերադարձնել տարածքի 40 տոկոսը:

«Քանդել, վերջացնել, հանձնել քաղաքապետարանին։ Վերջը՝ իմ նախագծիս համեմատ իրենց դիմում կգրեմ, ատ դիմումին համեմատ ինձի հողը ետ կծախեն։ Այսինքն ոչ թե կծախեն այն գիներով, այլ կադաստրային քիչ մը արժեքով»,- բացատրեց գործարարը։

Արամի 30-ը քանդելուց հետո Երևանի գլխավոր ճարտարապետն ասաց, որ տեղում ոչինչ չի կառուցվելու, տարածքը վերադարձվելու է քաղաքին՝ կարմիր գծեր են լինելու, մեծացնելու են մայթն ու կանաչապատեն: Անահիտ Բախշյանը զարմացավ՝ ինչպե՞ս է քաղաքապետարանն այդ տարածքը համարում իր սեփականությունը, երբ շաբաթներ առաջ ավագանու կողմից հաստատված քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի ու տարածքների ցանկում այն չկար:

«Հիմա այս 9500-ի մեջ մտնո՞ւմ է այդ տարածքը, թե՞՝ ոչ»,- հարցրեց նա։

«Սրանք տարբեր տարածքներ են, մեկը մյուսի հետ կապ չունեն», - պատասխանեցին նրան։

«Ո՞նց իմանանք, Արամի փողոց՝ ոչ մի համար-բան չկա՞»,- շարունակեց Բախշյանը։

«Հարցնում ես, պատասխանում է՝ ո՞նց իմանանքը որն ա։ Ոչ, Արամի 30-ի հետ դա կապ չունի»,- ընդհատեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ առաջարկելով «կարճ կապել»։

Թեպետ Արամի 30-ի շենքը քանդվել է ծանր տեխնիկայով, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողներին վստահեցրել էր, որ Արամի 30-ը նույնությամբ կվերակառուցվի «Հին Երևան» նախագծում: Գործարար Ավո Կարագուլյանն այս հայտարարությունից անակնկալի է եկել. եթե ինքը նախապես իմանար այդ մասին, այնպես կքանդեր, որ քարերը պահպանվեին։

«Ոչ մեկը ատանկ բան չի ասել։ Ես մինչև վերջին վայրկյանը նորեն հանդիպել, խոսել եմ, մեկը ինձի ատանկ բան չի ըսած մինչև այսօր։ Ես պիտի իրացնեմ, վերացնեմ պետությանը և ինձի ինչ որ պետք է, պիտի տան»,- ասաց գործարարը։

Ավո Կարագուլյանի հետ հանդիպումից հետո ավագանու ընդդիմադիր անդամ Բախշյանը պնդում է՝ Արամի 30-ի քանդման աշխատանքներում շատ հարցականներ կան. նախ այն, որ քաղաքի սեփականության ցանկում չկա Արամի 30-ը, բայց այն քանդելուց հետո քաղաքապետարանի պաշտոնական պատասխանով՝ վերադարձվել է քաղաքին:

«Որքան ես հասկացա, էս ամեն ինչը նախապես պայմանավորվածության արդյունք է։ Տվել են, ասել են՝ դու քանդի, հետո մեզ վերադարձրու։ Քանդելու համար փող չծախսեն, քանդի, կուժն ու կուլան էլ թափվի մեր հայրենակցի վրա, հետո վերադարձվի Երևանին։ Անշուշտ, մեր հայրենակիցը էնտեղ շահ ունի։ Արամի փողոցի 9500 քառակուսի մետրը, որ էսօր որպես գույք ընդունել ենք Երևանի սեփականություն, այս տարածքը չի մտնում սրա մեջ, բայց մարդը վերադարձրել է»,- ասաց նա։

XS
SM
MD
LG