Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկել է օմբուդսմենի թեկնածության քննարկումը


Օմբուդսմենի թեկնածու Արման Թաթոյանը Ազգային ժողովում, 22-ը փետրվարի, 2016թ.

Օմբուդսմենի թեկնածու Արման Թաթոյանը Ազգային ժողովում, 22-ը փետրվարի, 2016թ.

Քվեարկությունը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, վաղը:

Քննարկումներից հետո փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը պետք է ընտրի Հայաստանի չորրորդ օմբուդսմենին:

Թեկնածուն մեկն է՝ իշխող Հանրապետականի առաջադրած Արդարադատության փոխնախարար, 34-ամյա Արման Թաթոյանը:

Նա այսօր համոզմունք հայտնեց, թե ընտրվելու դեպքում կկարողանա պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը: Խորհրդարանը, հիշեցնենք, Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է վեց տարի ժամկետով:

Իրավունքների ու ազատությունների խախտումներ օմբուդսմենի թեկնածուն տեսնում է: Երեք օրինակ բերեց․ - «Համակարգային վերափոխման կարիք ունի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը՝ դատապարտյալին այդ գործընթացի կարևոր մասնակիցը դարձնելու և այդ նպատակի համար նրան անհրաժեշտ իրավունքներ վերապահելու միջոցով: Ներդրված չէ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ անհատական և ռիսկային գնահատման մոտեցումը: Մտահոգիչ է այն, որ, օրինակ, փակ հաստատություններում պահվող անձինք, հակառակ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի, զրկված են իրենց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառության ու այդ տույժերի բողոքարկման ընթացքում արդար դատաքննության իրավունքի երաշխիքներից․ օրինակ, լսվելու իրավունքը մինչև տույժի կիրառումը, իրավաբանական օգնությունը ստանալը և այլն: Մինչ օրս օրենսդրական ամրագրում չունի ապաստան հայցողների հնարավորությունը ստանալու անվճար իրավաբանական օգնություն՝ չնայած միջազգային չափանիշներին»:

Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ Թաթոյանի կարծիքը փորձեցին ճշտել մի քանի պատգամավորներ: Թեկնածուն ասաց, թե կարծիք հայտնելու համար պետք է ծանոթանա կոնկրետ դեպքերին:

Խաչատուր Քոքոբելյանի հարցին՝ «Ձեզ արդյո՞ք հայտնի են քաղաքական հետապնդման դեպքեր Հայաստանի Հանրապետությունում՝ հատկապես հաշվի առնելով, որ Դուք Հայաստանի Հանրապետության շահերն եք պաշտպանել եվրոպական բարձր ատյաններում», Թաթոյանը տվեց առավել հստակ պատասխանը․ - «Այնքանով, որքանով իր պրոֆեսիոնալ գործունեությունն առնչվել է այպիսի հարցերի՝ այդ թվում միջազգային ատյաններում, նման խնդիրների առաջ չեմ կանգնել»:

Քոքոբելյանն արձագանքեց․ - «Ուղղակի ֆիքսենք, որ Դուք գտնում եք, որ Հայաստանում քաղաքական հետապնդում չի եղել մինչև այս պահը, կան Ձեզ գոնե հայտնի չէ: Դա Ձեր դիրքորոշումն է: Շնորհակալ եմ ազնիվ ասելու համար»:

Արամ Մանուկյանին (ՀԱԿ) հետաքրքրում էր՝ ունի՞ օմբուդսմենի թեկնածուն կամք՝ առաջընթաց արձանագրելու Մարտի 1-ի բացահայտման գործում․ - «Մենք Ձեզ դիտարկում ենք որպես Սերժ Սարգսյանի կադր: Եթե մինչև հիմա ինչ-որ փոքր ազատություններ ունեիք, հիմա դա էլ չեք ունենալու: Ձեր կամային հատկությունները թո՞ւյլ են տալիս այս գործում առաջընթաց անել, բացահայտում անել, գնալ իշխանությունների դեմ, գնալ քաղաքական թիմի դեմ»:

Թաթոյանն արձագանքեց․ - «Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում, իհարկե, և՛ կամքը կա, և՛ օրենսդրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար նաև պետք է, բնականաբար, բոլոր միջոցները ձեռնարկվեն»:

Հարցուպատասխանին հետևեցին պատգամավորների ելույթները:

Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») ձևակերպմամբ՝ իշխանության փաստաբանը չի կարող պաշտպանել հայաստանցիների խախտված իրավունքները․ - «Իբրև թե նա կապ չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նամակագրություններին և կոմունիկացիաներին: Պարոն Թաթոյանը շուրջ երկու տարի կատարել է Հանրապետական կուսակցության քաղաքականության սպասարկումը: Իսկ քաղաքական սպասարկումը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունում որևիցե կերպ չթույլ տալ, որպեսզի արձանագրվի, որ կան քաղաքական հալածյալներ, թույլ չտալ [որ արձանագրվի], որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տարբեր դրույթներ: Հիմնական քաղաքականությունը դա է եղել»:

ՄԻՊ թեկնածուն այսօր վստահեցնում էր, թե չնայած իրեն առաջադրողն իշխող կուսակցությունն է, Հանրապետականի առաջ որևէ պարտավորվածություն չունի:

Այս հավաստիացումները չհամոզեցին Նաիրա Զոհրաբյանին («Բարգավաճ Հայաստան»)․ - «Ես չեմ հավատում, որ Դուք կկարողանաք իսկապես չդառնալ ո՛չ ընդդիմության ձեռքին գործիք, չվախենալ ընդդիմության շանտաժներից, որ կմեղադրվեք իշխանության դրածոն լինելու մեջ, և ո՛չ էլ կկարողանաք դիմակայել իշխանության և պետական տարբեր կառույցների կողմից արվող ճնշումներին: Դե, երևի ես վատատես եմ, դրա համար չեմ հավատում: Բայց իմ համոզմունքը գալիս է երեք նախկին տխրահռչակ փորձերից»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կողմ կքվեարկի Արման Թաթոյանի թեկնածությանը․ - «Ընդհանրապես պետք է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին ոչ թե կանխավարկածային անվստահությամբ վերաբերվել, այլ փորձել այնուամենայնիվ կիրառել կանխավարկածային վստահության ճանապարհը՝ եթե դա հերքող, դա բացառող շատ ակնհայտ պատճառներ չկան»:

Թաթոյանի թեկնածությունը պաշտպանող Վահան Բաբայանի («Բարգավաճ Հայաստան») կարծիքով, գործընկերները շատ բան են պահանջում թեկնածուից․ - «Շատ ելույթներից կամ շատ մոտեցումներից երևում է, որ մենք ոչ թե ընտրում ենք Մարդու իրավունքների պաշտպան, այլ ուզում ենք ընտրենք փրկիչ, որի վրա պետք է լինի ամբողջ անարդարությունների պատասխանատվությունը, ինչ որ բացասական բան կա, պետք է պատասխան տա, Արդարադատության նախարարից բացի, ոստիկանապետից, անվտանգության ծառայությունից բացի, միայն և միայն Մարդու իրավունքների պաշտպանը: Ես կարծում եմ, այս մոտեցումները չափազանցված են»:

Քվեարկությունը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, վաղը:

XS
SM
MD
LG