Մատչելիության հղումներ

Ադրբեջանը գլխավորում է Եվրոպայում ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկը


Զորահանդես Բաքվում, արխիվ
Զորահանդես Բաքվում, արխիվ

Վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը սպառազինության ներմուծումը ավելացրել է 217 տոկոսով։

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը մնում են աշխարհում սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների ամենախոշոր արտահանողները։ Նրանց բաժին է հասնում զենքի համաշխարհային շուկայի մոտ 60 տոկոսը. Միացյալ Նահանգներին՝ 33, Ռուսաստանին 25 տոկոսը։ Այս մասին ասվում է Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած զեկույցում։

Ռազմական խնդիրներով, մասնավորաբար՝ սպառազինությունների գնումների դիտարկմամբ զբաղվող այս հեղինակավոր վերլուծական կառույցը փաստաթղթում նշում է՝ վերջին 5 տարում Միացյալ Նահանգների զենքի արտահանման ծավալներն աճել են 27 տոկոսով, իսկ ՌԴ-ինը՝ 28: Միաժամանակ, ուսումնասիրության համաձայն, 2014 և 2015 թվականներին Ռուսաստանից զենքի արտահանման դանդաղման միտում է նկատվել, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը հենց այդ նույն ժամանակահատվածում սկսել է զենք մատակարարել Լուգանսկի և Դոնեցկի ռուսամետ անջատականներին։ Բայց թե ռուսական զենքի քանի տոկոսն է բաժին հասել Դոնեցկին և Լուգանսկին, շվեդական ինստիտուտը չի նշում։

Վերջին հինգ տարում Ռուսաստանը զենք է մատակարարել 50 երկրների։ Հիմնական գնորդների ցանկում փոփոխություններ չեն եղել՝ Հնդկաստան, Չինաստան, Վիետնամ։

Վիետնամը վերջին հինգ տարիներին զենքի ծավալներն ավելացրել է շուրջ 700 տոկոսով և այդ առումով բացարձակ առաջատար է աշխարհում։ Այսպիսով, ռուսական զենքի արտահանման 68 տոկոսը վերջին հինգ տարիներին բաժին է ընկել Ասիայի և Օվկիանիայի երկրներին։ Այս երկրներում զենքի պահանջարկի աճը մասնագետները պայմանավորում են Հարավչինական ծովում առաջացած տարաձայնություններով:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է մնալ Ռուսաստանի հավատարիմ գնորդը։ Իր զինանոցի պարունակության 80 տոկոսը Բաքուն Ռուսաստանից է ձեռք բերում, իսկ որոշ զինատեսակներ էլ ներմուծում է Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից և Թուրքիայից։

Ռուսական զենքի առաքումները Եվրոպա աճել են հիմնականում Ադրբեջանին վաճառվող զենքի հաշվին. 2011-2015թթ. Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը կազմել է զենքի ամբողջ արտահանման 4,9 տոկոսը, այն դեպքում, երբ 2006-2010թթ. ցուցանիշը կազմել է ընդամենը 0,7 տոկոսը։

Այսպիսով՝ վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանն ավելացրել է սպառազինության ներմուծումը 217 տոկոսով՝ գլխավորելով Եվրոպայում ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պաշտոնական աղբյուրների համաձայն, Բաքուն վերջին հինգ տարվա ընթացքում ռուսական զենք ձեռք բերելու նպատակով 3-4 միլիարդ դոլար է ծախսել։

Ուշագրավ է, որ եվրոպական երկրների կողմից զենքի գնումները վերջին 10 տարվա կտրվածքով կրճատվել են գրեթե 41 տոկոսով։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան ինստիտուտի մասնագետները զեկույցում հաշվի են առել միայն սպառազինության մատակարարման ընդհանուր ծավալները՝ միտումնավոր շրջանցելով գործարքների ֆինանսական կողմը: Վերլուծաբանների կարծիքով՝ ֆինանսական ցուցանիշները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կարող են կեղծվել պետությունների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG