Մատչելիության հղումներ

ԱՆ-ն հորդորում է ստեղծագործական խմբերին` զերծ մնալ ծխելու տեսարաններից


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Ֆիլմերն առանց ծխախոտի ծխի. ապացույցներից անցում գործողությունների» զեկույցը, որում կոչ է արվում անդամ բոլոր պետություններին՝ սահմանափակել այն ֆիլմերի ցուցադրությունները, որտեղ առկա են ծխախոտ ծխելու տեսարաններ` փորձելով պաշտպանել երեխաներին և դեռահասներին ծխելու և ծխախոտի այլ ձևերի օգտագործման նկատմամբ հակումից:

Զեկույցի համաձայն` ֆիլմերը, որոնք պարունակում են ծխելու կամ ծխախոտային արտադրանքի օգտագործման դրվագներ, դրդում են միլիոնավոր երիտասարդների ամբողջ աշխարհում սկսել ծխել:

«Ծխախոտային արտադրանքի գովազդի սահմանափակման պայմաններում ֆիլմերը մնում են դրանց արդյունավետ գովազդի ուղիներից մեկը, որը չի ենթարկվում ոչ մի սահմանափակման». - ասել է ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման վարչության ղեկավար Դուգլաս Բեթչերը։ - «Ֆիլմերում ծխելու տեսարանները կարող են համարվել ծխախոտային արտադրանքի բավականին ուժեղ գովազդ: Միջազգային օրենսդրությունը ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 180 անդամ երկրներից պահանջում է արգելել ծխախոտի վաճառքը խթանող գովազդը»:

Հայաստանի առողջապահության նախարարությունը, վկայակոչելով ԱՀԿ զեկույցը, նշում է՝ ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխախոտ օգտագործող երիտասարդների 37 տոկոսն առաջին անգամ սկսել է ծխել ֆիլմերում ծխելու դրվագներ պարունակող տեսարանների ազդեցության ներքո: ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի 2014 թվականի տվյալներով, միայն ԱՄՆ-ում այդ տարի ֆիլմերի ազդեցության տակ սկսել է ծխել ավելի քան 6 միլիոն դեռահաս, որոնցից 2 միլիոնը հետագայում կարող է մահանալ ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից: 2014-ին ծխելու դրվագներ են պարունակել հոլիվուդյան ֆիլմերի 44 տոկոսը, իսկ երեխաների համար թույլատրված ֆիլմերի 36 տոկոսը:

ԱՀԿ-ն իր զեկույցում առաջարկում է միջոցառումների շարք, ներառյալ` «ծխելու տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրության տարիքային սահմանափակման պահանջների ներդրում, ֆիլմի տիտրերում հաստատում այն մասին, որ ֆիլմ արտադրողները չեն ստացել ոչ մի պարգևատրում ծխախոտային արտադրանքի ցուցադրության համար, ֆիլմերում ծխախոտային արտադրանքի պիտակների ցուցադրության արգելքի սահմանում, ծխախոտային արտադրանքի տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրությունից առաջ հակածխախոտային գովազդային տեսանյութերի ցուցադրության պահանջի ներդրում»:

Հայաստանի առողջապահության նախարարությունը ևս իր մտահոգությունն է հայտնել հայկական հեռուստաալիքներով ծխախոտ ծխելու տեսարաններով ֆիլմերի ցուցադրության կապակցությամբ։

«Հորդորում ենք հեռուստաալիքների ղեկավարներին` նախկինում նկարահանված այն կինոնկարների ցուցադրությունից առաջ, որոնցում կան նման տեսարաններ, ներդնել հակածխախոտային գովազդային տեսանյութ կամ զգուշացում», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Հայաստանը 2004 թվականին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային», ինչը երկրի առջև որոշակի պարտավորություններ է դնում։

«Հայաստանը մնում է շատ ծխող երկրներից մեկը։ Բավական է ասել, որ ընդհանուր մահացության գրեթե կեսը մեզանում պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով և ևս 20 տոկոսը` չարորակ նորագոյացություններով, որոնց առաջացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հորդորում ենք հայկական հեռուստասերիալներ նկարահանող ստեղծագործական խմբերին` զերծ մնալ ծխախոտ ծխելու տեսարաններից։ Հաշվի առեք, որ դրանով շատ երեխաների և դեռահասների կարող եք ետ պահել ծխելուց և դրանից բխող հիվանդություններից», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG