Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ քառօրյան մեկնարկեց Գասպարիի կալանավորումը դատապարտող ելույթներով


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, արխիվ:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, արխիվ:

Վարդգես Գասպարիի կալանավորման որոշումը բողոքարկելու դիմումը, մինչդեռ, առայժմ Վերաքննիչ դատարան չի հասել։

Ընդդիմադիր ակտիվիստի փաստաբան Դավիթ Գյուրջյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկը 3 օր առաջ ստացած նամակը դատարան դեռ չի ուղարկում․ - «Բանիմաց չեն, պատշաճ կերպով տեղեկացված չեն իրենց իսկ վերաբերող օրենսդրությանը, դրա համար չգիտեին ինչ անեին։ Առավոտյան խոսեցինք քրեակատարողական հիմնարկի պատասխանատուների հետ: Դե, բնականաբար, բացատրեցինք, թե ինչ պետք է անեն: Եվ հիմա պետք է վերահասցեագրեն վերաքննիչ քրեական դատարան»։

Ուրբաթ օրվանից ճաղերի հետևում հայտնված Գասպարին մեղադրվում է ոստիկաններին վիրավորելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։

Ակտիվիստը հրաժարվում էր ներկայանալ դատարան։ 8 նիստերից 4-ին ոստիկանները բերման էին ենթարկել նրան՝ նույնիսկ հիգիենիկ դիմակներով ու շտապօգնության մեքենայով։ Կալանքի որոշումը, սակայն, կայացվել է Գասպարիի բացակայությամբ և անորոշ ժամկետով։

«Այս պարագայում մի քիչ կազուսային իրավիճակ է ստեղծվում, քանի որ առավելագույն պատժաչափը 3 ամիսն է: Հիմա դատավարությունը կարող է ամիսներ տևել և տարիներ։ Մեր կողմից սա որակվում է որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում», - ասաց փաստաբանը:

Վարդգես Գասպարիի կալանավորումը դատապարտող ելույթներով այսօր մեկնարկեց խորհրդարանի քառօրյան։ Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հորդորեց խորհրդարանի անունից բացատրություն պահանջել իրավապահներից․ - «Տարին սկսվեց Գևորգ Սաֆարյանի ազատազրկմամբ, իսկ երկու օր առաջ կալանավորվել է ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նրա համար միայն, որ իշխանությունների կամայականությունների դեմ կատարում է բողոքի ակցիաներ»։

Զարուհի Փոստանջանը գործընկերներին կոչ արեց ներկա գտնվել ի պաշպանություն Վարդգես Գասպարիի այսօր երեկոյան նախագահական նստավայրի առջև կազմակերպվող բողոքի ակցիային․ - «Որևիցե մեկը չի կարող թույլ տալ, որ Հայաստանում լինի քաղաքական հալածյալ: Այս տարի արդեն ունենք երկուսը: Այս ամենը արձանագրվում է, և սրա վերաբերյալ կան իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունների հայտարարություններ: Սրանց հետ խաղ պետք չէ անել, հերի՛ք է մեզ խայտառակել»։

Նիկոլ Փաշինյանը կալանքից հետո երկու անգամ արդեն տեսակցել է ընդդիմադիր ակտիվիստին և պնդում է, որ Գասպարին լուրջ առողջական խնդիրներ ունի․ - «Ճնշման հետ կապված խնդիր ունի, շաքարային դիաբետի հետ կապված խնդիր ունի: Եվ ես կարծում եմ, որ տվյալ դեպքում նրան կալանքի տակ պահելը շատ նման է խոշտանգման: Քառօրյայի օրակարգի հետ կապված քվեարկության դրվող բոլոր հարցերին ես դեմ եմ քվեարկելու՝ ի նշան բողոքի Վարդգես Գասպարիի կալանավորման»:

Իշխանության բացատրությունները շատ չուշացան․ Էդուարդ Շարմազանովն Արդարադատության նախարարությունից ստացած SMS-ն ընթերցեց. Գասպարին կալանավորվել է, քանի որ չի ենթարկվել ստորագրությամբ քաղաքից չհեռանալու պահանջին:

«Պարոն Գասպարին առողջական խնդիր չունի, չի դիմել որևէ մեկին ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր իր առողջական խնդիրների հետ կապված: Եվ երկրորդը, նրա կալանքը բացառապես իրավական շրջանակներում է և որևէ քաղաքական դրդապատճառ այստեղ տեսնելը ճիշտ չէ», - հավելեց Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG