Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետականում «չեն տեսել» Մհեր Սեդրակյանի հայհոյելու տեսանյութը


Պատգամավոր Մհեր Սեդրակյան

Պատգամավոր Մհեր Սեդրակյան

Իշխող Հանրապետականը դեռ պետք է պարզի՝ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայհոյե՞լ է լրագրողին, թե՞՝ ոչ:

Անցած շաբաթ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանն, ով հայտնի է «Թոխմախի Մհեր» մականունով, խորհրդարանում հայհոյել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, ապա փորձել նրան իր աշխատասենյակ տանել: Թեև այդ ամենը տեսանկարահանված է և տարածվել է համացանցում, իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ այդ տեսանյութը չեն տեսել:

«Սեդրակյանը ասում է, որ ինքը որևէ մի լրագրողի չի վիրավորել։ Ես չեմ տեսել ձայնագրությունը։ Ինչ վերաբերում է հայհոյանքներին, ոչ կոռեկտ արտահայտություններին, անկախ նրանից՝ ով է անում, ոնց է անում, ինչպիսի պայմաններում, բնականաբար, ցանկացած ոչ կոռեկտ արտահայտություն՝ լինի Ազգային ժողովում, կամ դրսում, ընդունելի չէ»,- ասաց Շարմազանովը։

«Կուսակցության ներսում դատապարտո՞ւմ եք նման երևույթները»։ «Մի հատ հլը պետք ա ճշտենք՝ նման բան եղել ա, թե՝ ոչ, նոր։ Դուք ասում եք՝ եղել ա... երբ կտեսնեմ այդ ձայնագրությունը, կխոսենք»,- պատասխանեց ՀՀԿ-ի խոսնակը։

Սեդրակյանի մտերիմ գործընկերներն այսօր խորհրդարանում փորձում էին արդարացնել նրան: Գործարար պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ով դահլիճ էր մտնում միայն քվեարկություններին մասնակցելու համար և հիմնականում խորհրդարանի միջանցքում էր ժամանակն անցկացնում, պնդում էր, թե Սեդրակյանը չի հայհոյել:

Հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ Սեդրակյանի նմանօրինակ պահվածքը փորձում էր բացատրել վերջինիս տարիքով լինելու հանգամանքով: «Բայց ո՞վ ա լսել, որ քֆուր տվել է։ Ես չեմ լսել։ Ա՛յ մարդ, Մհեր կուլտուրական մարդ ա, բիձա մարդ ա, մեկ-մեկ կարող ա փստցնի էլ, ոչինչ։ Բիձա մարդ է ընկել ձեռներդ, կերե՛ք էդ մարդուն, վայ։ Մեծ մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա, ոչի՛նչ»,- ասաց նա։

Ինքը՝ Մհեր Սեդրակյանը, ընդհանրապես խուսափեց լրագրողների հետ շփումից։ «Ձեզ ասել եմ, հարցեր չտա՛ք։ Գրավո՛ր»։

Մինչդեռ իշխող Հանրապետականի հետ համագործակցության գնացող Դաշնակցությունն, անդրադառնալով հանրապետական գործընկերների պահվածքին, նշում է՝ ամեն մեկն իր արածի համար է պատասխան տալիս: Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ պետք չէ ինչ-որ մեկի արածը ամբողջ ուժին վերագրել:

«Էդ ժամանակները անցել են, որ ինչ-որ մեկի մեղքը տարածվի բոլորի վրա։ Անգամ հայրերը որդիների համար և որդիները հայրերի համար պատասխան չեն տալիս։ Անդրադառնում է [կուսակցության և նրա հետ համագործակցողների վրա], բայց չի դառնում, որ դա ամբողջությամբ պետք է մեղսագրվի ամբողջ քաղաքական ուժին։ Մոտեցումը ինքնին սխալ է։ Էդպես որ վարվենք, որևէ մի քաղաքական ուժ Հայաստանում չի մնա»,- ասաց Ռուստամյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ Մհեր Սեդրակյանի համար անձամբ նախագահ Սերժ Սարգսյանն էր ձայն խնդրել ընտրողներից, և արդյոք այս դեպքո՞ւմ էլ քաղաքական ուժը պատասխանատվություն չի կրում իր պատգամավորի համար, Ռուստամյանն արձագանքեց.- «Պատասխանատվություն կրելու ձևեր կան, մենք չպիտի ոտքի վրա պատասխանատվության մեխանիզմներ հորինենք։ Գործող մեխանիզմները լիուլի բավարար են։ Թող անեն, ես ի՞նչ անեմ։ Ես համագործակցում եմ քաղաքական ուժի հետ, դուք նորից ուզում եք Ձեր տրամաբանությունը փաթաթել ինձ, այսինքն եթե մեկը մի բան է արել, ամբողջ քաղաքական ուժը վարկաբեկվել է։ Ես էլ ասում եմ՝ էդպես չի։ Էդպես ոչ մի քաղաքական ուժ չի մնա, և որևէ անձ չի մնա, եթե մի անգամ արել է, մենք նրան դատապարտենք, հասցնենք մինչև ինքնասպանության, մարդ էլ չի մնա»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, նշում է՝ կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն է կրում իր պատգամավորի պահվածքի համար։ Այլ հարց է, որ իշխող ՀՀԿ-ի համար միևնույն է՝ իր պատգամավորը հայհոյում է խորհրդարանում, թե՝ ոչ։

«Բա եթե գողական իշխանություն ունենք, պիտի պառլամենտն էլ գողական լինի։ Չեմ կարծում, որ էդտեղ ինչ-որ անակնկալ կա։ Եթե մենք գործ ունենայինք նորմալ, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող կուսակցության հետ, նրանք իրենք պետք է ներքին հետաքննություն անցկացնեին, պատժամիջոցներ ձեռնարկեին իրենց կոլեգայի նկատմամբ՝ ընդհուպ մինչև կուսակցությունից դուրս հանելը»,- ասաց Զուրաբյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես դատապարտելով հանրապետական պատգամավորի պահվածքը, նշեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքում պետք է կատարվեն փոփոխություններ, որպեսզի էթիկայի նորմերը խախտած պատգամավորը պատժվի, ինչը գործող կանոնակարգը չի սահմանում։

«Ես հասկանում եմ, որ մենք չենք կարող պատգամավորին նստեցնել, ազատությունից զրկել, բայց նույնիսկ բարոյական պատասխանատվության հստակ չափորոշիչներ անպայմանորեն [պետք է կիրառվեն]։ Օրինակ, ինչ-որ մեկի դեպքում կարող է ազդել աշխատավարձի պահումը, մյուսի դեպքում՝ բարոյական պարսավանքը»,- ասաց Զոհրաբյանը։

Այսօր մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ Հանրապետական կուսակցության ղեկավարությունից պահանջելով պատասխանատվության ենթարկել Մհեր Սեդրակյանին՝ հորդորելով նրան ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը։

«Եթե մեր այս պահանջները չիրականացվեն, մենք հիմք ենք ունենալու արձանագրելու, որ Հանրապետական կուսակցության և իշխանության տարբեր օղակների համար նորմ է Մհեր Սեդրակյանի և նրա նմանների վարքագիծը։ Եվ քանի որ Հայաստանի իշխանությունները ի զորու չեն կամ չեն ցանկանում պաշտպանել լրագրողներին տարաբնույթ սպառնալիքներից, մենք ստիպված ենք լինելու ապավինել միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհատական պատժամիջոցներ կիրառել, ինչպես դա արվում է այն անձանց նկատմամբ, ովքեր պարբերաբար ու ցուցադրաբար խախտում են օրենքները՝ դրա համար պատասխանատվության չենթարկվելով սեփական երկրում»,- ասված է հայտարարությունում։

Վաղը լրագրողները այս խնդրով Ազգային ժողովի դարպասների մոտ բողոքի ակցիա կանցկացնեն։

XS
SM
MD
LG