Մատչելիության հղումներ

Մոծակը` «ամերիկացիների գաղտնի զենք»


«Զիկա» վարակը տարածող Aedes Aegypti մոծակը
«Զիկա» վարակը տարածող Aedes Aegypti մոծակը

Ռուսաստանում հակաամերիկյան հիստերիան աբսուրդի աստիճանի է հասնում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն շաբաթներ շարունակ ահազանգում է մոլորակին սպառնացող նոր պատուհասի` «Զիկա» անվամբ վարակի մասին։ Համաճարակի օջախը Հարավային Ամերիկան է, թեպետ հիվանդներ կան արդեն Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ռուսաստանում։

Երբ նոր էր սկսել ակտիվորեն տարածվել «Զիկա» վիրուսը, փորձագետների մի խումբ պնդում էր, թե այն հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ նորածինների մոտ գրանցվում են միկրոցեֆալիայի` փոքրագլխության դեպքեր։

«Մենք չափազանց կասկածելի ենք համարում մոծակների տարածած վիրուսի կապը Հարավային Ամերիկայում միկրոցեֆալիայով ծնվող երեխաների թվի աճի հետ։ Եվ, այնուամենայնիվ, բոլոր փորձագետները համակարծիք են, որ միջազգային համայնքը պարտավոր է միավորվել ու համատեղ ջանքերով հետազոտություններ անցկացնել»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Մարգարեթ Չենը։

Ֆրանսիացի պրոֆեսոր Ժան-Ֆրանսուա Դելֆրեսին, ով մեծ ներդրում ունի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և «Էբոլայի» վարակի դեմ պայքարում, ասել է, թե «Զիկա» վիրուսի վտանգը չի կարելի թերագնահատել, բայց գերագնահատել էլ պետք չէ։

«Անհրաժեշտ է լիցքաթափել իրավիճակը։ Ի վերջո, «Զիկան» մահացու վարակ չէ, բայց, անշուշտ, հարկ է մեծ ուշադրություն հատկացնել հղիներին սպառնացող վտանգին»,- ասել է Դելֆրեսին։

Մինչդեռ, Ռուսաստանում արդեն առաջ են քաշում նոր վարկածներ։ Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի երբեմնի ղեկավար, ներկայումս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի օգնական Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, թե «Զիկա» վիրուսը ստեղծել են ամերիկացիները։ Այդ վիրուսով միտումնավոր վարակել են մոծակներին, և դա արվել է Ռուսաստանից ոչ հեռու։ Այդ նպատակով օգտագործվել է Ամերիկայի բանակի գիտական կենտրոնը, որը գտնվում է Վրաստանի տարածքում։

Նա ասել է BBC-ի թղթակցին, թե ռուսաստանցի միջատաբանները 2012 թվականին Աբխազիայում հայտնաբերել են «Զիկա» վիրուսը տարածող մոծակների ենթատեսակ։

«Սա ինձ շատ է անհանգստացնում, մեր սահմաններից ոչ հեռու մի տարածքում ապրում է այդ մոծակը, այնտեղ է գտնվում ամերիկյան բանակի միկրոկենսաբանական լաբորատորիան։ Վրացի երեխաներին ջրծաղիկից բուժելու համար չէ, որ Պենտագոնը կառուցել է այդ լաբորատորիան»,- հայտարարել է Օնիշչենկոն։

«Ազատություն» ռադիոկայանի վերլուծական բաժինը նշում է, որ խոսքը 2011 թվականին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը կից Սպառնալիքների նվազեցման գործակալության կառուցած կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայի մասին է, որն ամերիկացիները 2013-ին փոխանցել են վրացիներին։

Գործակալությունը մասնակցում է միջուկային, քիմիական, կենսաբանական զենքերի տարածման դեմ պայքարին և համատեղ ծրագրեր է իրականացնում ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուկրաինայի, տասնյակ այլ երկրների, այդ թվում՝ հենց Ռուսաստանի հետ։

Մասնագետների փոխանցմամբ, «Զիկա» վիրուսն առաջին անգամ հայտնաբերել են Ուգանդայում` անցած դարի 40-ականների վերջին։ Լայնածավալ համաճարակներ չեն եղել, բայց 2015 թվականից սկսած վիրուսը չափազանց ակտիվ տարածվում է Բրազիլիայում։

Չի բացառվում, որ դրան նպաստել է բնական աղետը` «Էլ-Նինյո» մրրիկը, որին հաջորդել են հորդառատ անձրևներ և հեղեղումներ։

«Այդ զուգակցումը` մոծակի առկայությունն ու ամերիկյան լաբորատորիայի առկայությունը, ինձ թույլ է տալիս ենթադրել, որ կա միտումնավոր միջամտություն էպիդեմիոլոգիական գործընթացին։ Կա հավանականություն, որ մոծակներին միտումնավոր վարակել են»,- ասել է Օնիշչենկոն։

Այս առումով, և՛ արևմտյան, և՛ ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Օնիշչենկոն դավադրապաշտական թեզերի մեծ երկրպագու է։ Իսկ նրա ընդունած որոշ վճիռներ «զարմանալիորեն» համընկել են քաղաքական իրողություններին։

Օրինակ, հենց վատթարացել են ռուս-վրացական հարաբերությունները, նա անմիջապես արգելել է վրացական հյութերի, գինիների և նույնիսկ «Բորժոմի» հանքային ջրի ներմուծումը, հայտարարելով, որ դրանք չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին։

Լարվածություն է ի հայտ եկել Մոլդովայի հետ հարաբերություններում` «Ռոսպոտրեբնադզոր»-ը պարզել է, որ մոլդովական գինին վտանգավոր նյութեր է պարունակում։

Եվ, իհարկե, Մայդանի կապակցությամբ անմիջապես վտանգավոր միկրոբներ են հայտնաբերվել ուկրաինական մսամթերքում։

Արևմտյան պատժամիջոցների առնչությամբ էլ արգելվել է Եվրոպական միությունում արտադրված պարենը, ընդ որում՝ ռուսական կողմը չի ասել, թե դա իրենց քաղաքական պատասխանն է, միշտ օգնության է եկել Օնիշչոնկոն, որը հաստատել է, որ, ասենք, լեհական խնձորը վնասակար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG