Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի հավաք-երթը կանցնի «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով


Գարեգին Չուգասզյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Գարեգին Չուգասզյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Հավաքը կմեկնարկի Ազատության հրապարակում, ապա մասնակիցները երթով կհասնեն Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 8 տարի առաջ արյունալի բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց։

Մոտ տասն օր շարունակված բանակցություններից հետո ընդդիմադիր երեք ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունն ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, համաձայնության են եկել մարտի 1-ին միասնական հավաք-երթ անցկացնել՝ «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով։

Ըստ տարածված հաղորդագրության, հավաքը կմեկնարկի Ազատության հրապարակում, ապա մասնակիցները երթով կհասնեն Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 8 տարի առաջ արյունալի բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց։

«Նոր Հայաստան»-ի կողմից Հայ ազգային կոնգրեսի հետ անցած օրերին այս հարցով բանակցած Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը «Ազատության» հետ զրույցում նշեց․ - «Համաձայնության ենք եկել գլխավորի շուրջ, որ կա վտանգ, այդ վտանգի դեմ պետք է պայքարել: Եվ միացյալ ուժերով պետք է ամեն կերպ թույլ չտալ ավտորիտար բռնապետության հաստատումը Հայաստանում»:

Նա հավելեց, որ հավաքին մասնակցելու առաջարկ են արել նաև այլ ուժերի, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրին» և քաղաքացիական նախաձեռնություններին․ - «Սա չի նշանակում, որ այդ երեք ուժերն են լինելու: Կլինեն նաև այլ ուժեր, որոնք կմիանան: Եվ մենք առաջիկա օրերին պիտի նաև այդ բանակցություններն ավարտենք: Ուստի այս ամբողջ քննարկումները շատ կարևոր ենք համարում ժողովրդավարական ուժերի ընդհանուր հայտարարի գալու իմաստով: Այսինքն՝ ճշգրտելու հարցերի այն տիրույթը, որի շուրջ կա միասնական դիրքորոշում ընդդիմության մեջ: Սա ամենակարևոր արդյունքն է, որը նոր լիցք կհաղորդի բոլորի պայքարին»:

Այլ մանրամասներ չհաղորդելով՝ Չուգասզյանը փոխանցեց, որ հավաք-երթին կլինի միասնական օրակարգ և միասնական հայտարարություն, որոնց բովանդակության ու ռազմավարության վերաբերյալ ճշգրտումները կարվեն ավելի ուշ․ - «Բոլոր հնարավոր եղանակներով: Բոլո՛ր: Այստեղ չպետք է տարբերություն դնել հնարավոր պայքարի եղանակների միջև․ բոլորը ընդունելի են, միայն թե արդյունք լինի: Բոլոր այն ուժերը, որոնք տարբեր մարտավարություն ունեն, պետք է միավորվեն նախ իրենց գաղափարական հիմքի վրա, հետո՝ գործողությունների մեջ: Մարտի 1-ը առաջին այդպիսի գործողությունը կարող է դառնալ»:

Մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու հայտ ներկայացրել էին թե՛ Հայ ազգային կոնգրեսը, թե՛ «Նոր Հայաստան»-ը, և երկու հայտերն էլ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել։

XS
SM
MD
LG